Մեկնաբանություն

25.10.2018 09:00


Կինոն ավարտվեց, բոլորին շնորհակալություն

Կինոն ավարտվեց, բոլորին շնորհակալություն

Ասֆալտին փռելու փուլն ավարտվեց: Հիմա եկել է բարիկադները քանդելու ժամանակը (եթե անհրաժեշտ լինի, ապա կրկին կկառուցվեն):

Բարիկադներ չեն էլ եղել: Դրանք վիրտուալ էին:

Բարիկադները ստեղծվել էին սրտից թույլ զանգվածի համար: Ու թող ամեն մի սրտից թույլ մտածի, թե երբ և ինչպես է օգտագործվել, օգտագործվում ու շարունակելու օգտագործվել, եթե շարունակի սրտից թույլ մնալ:

Քաղաքականությունը իշխանության համար պայքար է: Ուրիշ բան չկա: Առանց իշխանության համար պայքարի՝ քաղաքականություն չկա: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Դա պարզապես այդպես է: Դա քաղաքականության օրենքն է:

Քաղաքականությունը նման է կինոյի, որն ունի տարբեր սերիաներ: Հանրության որակից է կախված, թե ինչ որակի կինո կմատուցեն իրեն:

Համեմատաբար բարձր քաղաքական գիտակցություն ունեցող հասարակություններին կինոն ցույց են տալիս ընտրությունների ժամանակ, իսկ դրանց արանքում բացահայտում են մոնտաժային որոշ պահեր ու կիսվում սցենարային որոշ նրբությունների շուրջ:

Ամբոխին կինո ցույց չեն տալիս: Ամբոխին խոստանում են բարձրակարգ կինո ցույց տալ, բայց ցածրակարգ սերիալ են դեմ տալիս, օգտագործում նրան ու դեն նետում:

Ամբոխը կարող է տվայտանքների մեջ ընկնել, նոր սերիաներ պահանջել ու նույնիսկ գոռգոռալ, բայց միևնույն է ամբոխը օբյեկտ է, որի ձեռքում ոչինչ չկա: Ամբոխին, կրկնեմ, օգտագործում են ու դեն նետում:

Կինոն մոտենում է ավարտին:

Բոլորին շնորհակալություն:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը