Աշխարհ

05.03.2010 14:18


Կիրո Մանոյան. «Երեկ բավական դժվարությամբ հայկական կողմը հաղթե՛ց»

Կիրո Մանոյան. «Երեկ բավական դժվարությամբ հայկական կողմը հաղթե՛ց»

-Երեկվա որոշումը մեր բոլոր հարցերի լուծումը չէ, բայց սա ամերիկյան քաղաքական դաշտում հայկական և թուրքական քաղաքական ուժերի ցուցադրության այն հետագա հանգրվանն էր, որտեղ բավական դժվարությամբ հայկական կողմը հաղթե՛ց,- «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը ճնշում չէ Թուրքիայի վրա, որ վերջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, բայց ճնշում է, որպեսզի Թուրքիան ավելի լուրջ վերաբերվի Հայաստանի հետ բոլոր բանակցություններում ընդհանրապես, և թուրքական կողմի անպատկառ կեցվածքը զսպվի։

-Պարզ է, որ Թուրքիան չի՛ վավերացնելու արձանագրությունները։ Նա այս և նման բանաձևերը պարզապես որպես պատրվակ կարող է օգտագործել, և սա մեկ անգամ ևս առիթ է, որ Հայաստանն ասի, որ Թուրքիայի պատճառով տապալվել է այս արձանագրությունների վավերացման գործընթացը,- նշեց Կ. Մանոյանը,- այլապես, ինչքան մենք ուշացնենք այս արձանագրությունների գործընթացից դուրս գալը, այնքան դժվարանալու է մեր դուրս գալը։ Ճիշտ է, մեր դուրս գալը կարող է ինչ-որ դժգոհություններ առաջացնել արտաքին ուժերի որոշ շրջանակներում, բայց դա չարյաց փոքրագույնն է, և մենք շատ ավելի թանկ ենք վճարելու այնքան ժամանակ, ինչքան մնալու ենք այս գործընթացի մեջ։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նաև կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ճնշում էր նաև Սպիտակ տան վրա, որպեսզի վերջինը տարբեր պատճառաբանություններով չփորձի խոչընդոտել Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը