Մեկնաբանություն

26.10.2018 16:05


Հեղափոխական Նիկոլն ու վարչապետ Փաշինյանը

Հեղափոխական Նիկոլն ու վարչապետ Փաշինյանը

Հեղափոխության օրերին Նիկոլն իրեն ճիշտ էր պահում և արդյունքի հասավ: Նա համախմբում էր հանրությանը, առաջ էր քաշում սիրո և հանդուրժողականության գաղափարը, խոսում այն մասին, որ վենդետաներ չեն լինելու:

Վարչապետ դառնալուց հետո ամեն ինչ փոխվեց Նիկոլի մոտ: Վարչապետ Փաշինյանի օրոք հեղափոխական բոլոր կարգախոսներն ու գաղափարները իրենց տեղը զիջեցին բովանդակությամբ լրիվ հակառակ կարգախոսներին ու գաղափարներին:

Հեղափոխության օրերին հանրությանը համախմբող Նիկոլը վարչապետ դառնալուց հետո հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների:

Մենք գործ ունենք երկու տիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Հեղափոխական Նիկոլը սեր ու հանդուրժողականություն է քարոզում, իսկ վարչապետ Փաշինյանը հանրահավաքային հարթակից հրահանգում է մարդկանց ասֆալտին պառկեցնել ու պատերին ծեփել:

Վենդետա բացառող Նիկոլը հիմա լրիվ հակառակ բաներով է զբաղված:

Հարկ է արձանագրել, որ նույն մարդու մեջ նստած է ասֆալտին պառկեցնողն ու բարիկադներ քանդողը, նախկին կադրերին կոռուպցիոներ ու թալանչի համարողը և Ֆելիքս Ցոլակյանին ու Հունան Պողոսյանին բարձր պաշտոնների նշանակողը: Ի վերջո ո՞րն է Նիկոլ Փաշինյանի իրական տեսակը:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դեռ մնացել է հրապարակում ու ոչ մի կերպ չի կարողանում մտնել վարչապետի կաբինետ: Ըստ ամենայնի՝ փողոցում Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում ու փորձում է իր քայլերով ու հռետորաբանությամբ բավարարել փողոցում հավաքված ամբոխի ճաշակն ու պահանջները, բայց դա շատ վտանգավոր ճանապարհ է առաջին հերթին հենց ի՛ր համար:

Ամբոխն ուրացող է, անկայուն տրամադրությամբ ու դավաճան: Ամբոխին հաճոյացող դեռ ոչ մի հռետոր լավ չի ավարտել: Միգուցե կարճաժամկետում ալիքը հռետորին բարձրացնում է շատ բարձր, բայց այդ բարձրությունը հատակում հայտնվելու նախափուլն է: Ամբոխն առանց աչք թարթելու կարող է դեն նետել իր կուռքին, այնպես որ առանց կոմպլեքսների պետք է ամբոխի հետ վարվել այնպես, ինչպես որ նա է պատրաստ վարվելու: Ամբոխին «քցելը» և հասարակության վրա հենվելը պետության ղեկավար դառնալու առաջին քայլն է:

Նիկոլ Փաշինյանը պետք է ձգտի դառնալ բոլորի, այդ թվում՝ իր ընդդիմախոսների վարչապետը, ինչը նշանակում է հանրային համախմբման ապահովում, վենդետաների ու «մասկի-շոուների» դադարեցում, կենտրոնացում տնտեսական քաղաքականության վրա ու հրաժարում պոպուլիզմից: Այսրոպեական պոպուլյարությունը կարող է հետագայում հավերժական դժոխքի պատճառ դառնալ:

Հայաստանը բարդագույն մարտահրավերներ ունի և դրանք հաղթահարելու համար պետք է հիմնվել ոչ թե ամբոխի (այն ցանկացած պահի կարող է տրորել հին կուռքին ու նորը գտնել), այլ հանրության առողջ հատվածների վրա: Պետք է ոչ թե բաժանել հանրությանը, այլ համախմբել:

Տնտեսական քաղաքականությունը չի կարող դառնալ «մարդ բռնելը»: «Մարդ բռնելով» դեռ ոչ մի երկիր չի զարգացել: Ճիշտ հակառակը:

Հասկանալի է, որ վարչապետ Փաշինյանին ճնշում են իր իսկ ապրած կյանքը և իր իսկ նախկին հայտարարությունները, բայց պետք է դուրս գալ այդ կաղապարից, լրագրողական էժանագին սենսացիաներ փնտրելու գործելաոճից և փողոցում ու «Ֆեյսբուքում» լայքեր հավաքելու գայթակղությունից:

Հարկ է արձանագրել, որ հեղափոխական Նիկոլը գործում էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ, քան վարչապետ Փաշինյանը: Պատճառները, թերևս, հոգեբանական են, որոնք, ըստ ամենայնի, կհաղթահարվեն: Հակառակ դեպքում ծանր է լինելու, ընդ որում՝ բոլորի ու նախևառաջ Նիկոլ Փաշինյանի համար:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը