Մեկնաբանություն

29.10.2018 12:57


Երջանկության նախարարությանը սպասելիս

Երջանկության նախարարությանը սպասելիս

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները արդեն իսկ ապրում են և այսուհետ ապրելու են Երջանիկ Հայաստանում: Ու որպեսզի այդ երջանկությունն ամրապնդվի և հարատև լինի, մնացել է անել մի փոքրիկ քայլ՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապահովել ճիշտ քանակի ձայներ ճիշտ կուսակցությանը և վերջ:

Նրանք, ովքեր կխոչընդոտեն ՀՀ հպարտ քաղաքացիների երջանկացմանը, կհռչակվեն հակահեղափոխականներ և սևեր կամ լավագույն դեպքում՝ սաբոտաժնիկներ:

Նրանք, ովքեր չեն ուզենա երջանկանալ, նրանց ստիպողաբար կերջանկացնեն:

Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ երջանիկ են, պետք է ուշադիր հետևեն ու հայտնաբերեն խոչընդոտողներին ու դիմադրողներին և նրանց մասին տեղեկություններ հայտնեն իրավապահ կամ հարկային մարմիններին:

Այս փուլում երջանկությանը դիմադրում է մեր լեռնային քաղաքներից մեկը, բայց ոչինչ, այն կերջանկացվի «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսի շրջանակներում՝ առանց վենդետաների (միայն հարկայինով):

Չի բացառվում, որ ստեղծվի հատուկ նախարարություն՝ Երջանկության, որպեսզի մարդիկ դիմելու կամ բողոքելու տեղ ունենան, երբ իրենց երջանկության հետ ինչ-որ բան պատահի կամ երբ նրանց երջանկության մասին հավաստագրի տրամադրումը ԺԷԿ-ը կամ համատիրությունը ձգձգի:

Ու քանի դեռ մի որոշ ժամանակ կա մինչև որ տեղի կունենան արտահերթ ընտրություններն ու կբացվեն հարատև երջանկության դարպասները, առաջարկում եմ գովազդային ընդմիջում հայտարարել, ու վերհիշել, թե ինչպիսի պատվիրաններ կային երջանկության ձգտող երկրներից մեկում:

Եվ այսպես, այդ 7 պատվիրաններն էին.

1. Բոլոր երկոտանիները թշնամի են։

2. Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են։

3. Անասունը երբեք հագուստ չի հագնի։

4. Անասունը երբեք անկողնում չի քնի։

5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։

6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։

7. Բոլոր անասունները հավասար են։

Ճիշտ է, այդ պատվիրանները ժամանակի ընթացքում մի թեթև փոփոխության են ենթարկվել (օրինակ՝ որոշ անասուններ ավելի՛ հավասար են դարձել), բայց, միևնույն է, անասունները դրանից չեն դժբախտացել:

Անասունը դժբախտանալու հատկություն չունի: Իսկ մարդն ունի: Մարդու ահա այդ «մունդառ» հատկանիշը՝ դժբախտանալն է պետք վերացնել:

Երջանկության նախարարությանը սպասելիս:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Առաջարկում եմ վերհիշել նաև բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդներից մեկին նվիրված բանաստեղծություններից մեկը:

Ով զրկվածների միա՜կ հենարան,
Ով երջանկության առա՜տ շատրվան,
Բոցավառվո՜ւմ է հոգիս ոնց կերոն,
Երբ ես նայում եմ,— օ՜ լափի արքա,—
Քո ղեկավարող աչքին հայրական․
Արևի պես ջերմ ու հավերժական,
Ընկե՛ր Նապոլեոն։

Ով առատաձեռն բաշխողդ վերին
Նրա, ինչ թանկ է քո զավակներին՝
Թավալվելու հարդ ու լափի թափոն․
Ամեն փոքր ու մեծ թռչուն ու գազան
Երջանի՜կ է իր որջում սեփական
Հոգատար աչքի տակ քո հայրական,
Ընկե՛ր Նապոլեոն։

Եթե իմ կինը մի խոճկոր ծներ,—
Թեկուզ գրտնակի չափ էլ նա լիներ—
Որպես օրինակ, իդեալ, էտալոն
Քե՜զ պիտի ընտրեր, ղեկավա՛ր ճարտար,
Քեզ իր առաջին սուրբ երդումը տար
Եվ ճղճղար քո անունն արդար՝
Ընկե՛ր Նապոլեոն։

Այս խորագրի վերջին նյութերը