Քաղաքական

01.11.2018 13:11


Վահագն Հարությունյանը «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Վահագն Հարությունյանը «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց՝ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի,-ասաց Հարությունյանը՝ շարունակելով,-Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաև Ձեզ վստահեցնում եմ, և հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, և դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, և բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել»,-ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հարությունյանը վստահեցրեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին․ «Իհարկե ոչ: Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ էնտեղ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Վահագն Հարությունյանը նաև պնդեց՝ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

«Դեռևս սեպտեմբերի 10-ին իմ բնակության վայրի, Երևանի բնակության վայրի հասցեով ստացվել էր, ավելի շուտ՝ ոչ թե 10-ին, մեկ օր ուշացումով՝ 11-ին, ստացվել էր ծանուցագիր 10-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Իմ ներկայացուցիչը, փաստաբանը գրավոր դիմել էր քննիչին, ներկայացրել պարզաբանումներ, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում և հարցաքննության, բնականաբար, ներկայանալ չեմ կարող, բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել, եթե կա դրա կարիքը, իմ բնակության վայրի վերաբերյալ, կոնտակտային տվյալներ, ինչպես նաև ավելի ուշ, անհրաժեշտության, նորից, իրենց հետաքրքրության դեպքում, կտրամադրվի տվյալներ իմ բուժման ընթացքի և հետագա պլանների վերաբերյալ: Դրանից հետո որևէ արձագանք Հատուկ քննչական ծառայությունից մենք չստացանք, կարելի էր համարել, որ երևի թե էդ մնացած պահանջվող տվյալները, ինչը մենք առաջարկեցինք, իրենց հետաքրքիր չէր կամ անհրաժեշտ չէր»,-պատմեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

«Դեռ մայիսին մամուլը գրում էր, որ Դուք Հայաստանը լքել եք, որովհետև կանխատեսում էին, որ հնարավոր է՝ նաև Դուք անցնեք այդ գործով,-«Ազատության» այս դիտարկմանը Վահագն Հարությունյանը արձագանքեց,-Դա զավեշտ է, ես մայիսին ոչ թե լքել եմ, այլ վերադարձել եմ: Ես գտնվում էի արտերկրում, կրկին անձնական խնդիրներով, դեռևս, մի ամսից ավել, ամեն դեպքում, ու մայիսին, ընդհակառակը, ես վերադարձել եմ և դեռևս այդ ժամանակ ես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ զբաղեցնում էի, և մեր մամուլի ծառայությունը տարածեց համապատասխան հաղորդագրություն իմ ուղևորությունների վերաբերյալ, այսինքն, ես կարծում եմ՝ էդտեղ հարցեր ուղղակի լինել չէին կարող»:

«Մայիսյան իրադարձությունները երբ որ մեր երկրում սկսվեցին, ես գտնվել եմ արտերկրում էդ ընթացքում և դրանից հետո վերադարձել եմ, անցել իմ աշխատանքին, հետագայում որոշում կայացրեցի ինքս աշխատանքից ազատվելու և դիմում ներկայացրեցի, ազատվեցի աշխատանքից, ինչից հետո նոր ես մեկնել եմ Հայաստանի Հանրապետությունից,-շարունակեց նա՝ ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով,-Ոչ մի բան չէի կանխատեսում, ոչ, ես իմ անձնական գործերով և առաջին հերթին իմ առողջական խնդրով զբաղվելու համար՝ հաշվի առնելով արդեն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ազատվելը: Եվ բավականին ժամանակ այդ հարցը հասունացած էր, 2014 թվականից դեռևս ես ունեմ լուրջ խնդիրներ՝ սրտանոթային համակարգի հետ կապված, եղել է միջամտություն, ունեմ լուրջ խնդիրներ 2006 թվականին տեղի ունեցած իմ ավտովթարից հետո՝ ծնկահոդի տեղաշարժման հետ կապված բավականին հետևանքներ առաջացած, և ես որոշել էի զբաղվել իմ անձնական կյանքով և առաջին հերթին իմ առողջությամբ»:

Հարությունյանը հավաստիացրեց, որ հեղափոխությունը կապ չուներ իր աշխատանքից հեռանալու հետ․ «Իհարկե չուներ, բացարձակ չուներ, ուղղակի աշխատանքից հեռանալը ոնց որ եղավ հնարավոր առիթ՝ ազատ դրանով զբաղվելու: Ու կարծում եմ, թե մարդու ազատ տեղաշարժվելու և իր գտնվելու վայրը որոշելու իրավունքը դեռևս չի փոխվել, չի վերացել և որևէ կերպ չի սահմանափակվում»:

Այս խորագրի վերջին նյութերը