Քաղաքական

01.11.2018 15:28


Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան

Երևանն, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին (Յուրի Խաչատուրովին – հեղ.)»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի որոշել՝ թողնել նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

«Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,-հավելել է նա:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Այս խորագրի վերջին նյութերը