Մեկնաբանություն

05.11.2018 12:40


Հեղափոխական տեղափոխություն

Հեղափոխական տեղափոխություն

Դատելով ամենից՝ նոր իշխանությունների ներքին ցանկությունների ու անելիքների անոնսը տալու պատիվը վերապահված է պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Նրա լեզվինը Փաշինյանի մտքինն է:

Երևանի ավագանու ընտրություններից հետո Սիմոնյանն առաջինը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե հաջորդ տարի, այլ այս տարի: Այդպես էլ եղավ:

Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է առնվազն 10 տարի Հայաստանում լինել իշխանություն: Այդպես կլինի, թե ոչ, դժվար է ասել: Բոլոր նախորդ իշխանությունների մոտ էլ նմանատիպ ցանկություն եղել է, բայց որտե՞ղ են հիմա ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն, որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը և որտեղ են մյուսները:

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանի բառապաշարն ու պահվածքը հիշեցնում են Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու Էդուարդ Շարմազանովի բառապաշարին ու պահվածքին: Նրանք էլ էին 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո գտնում, որ դեռ մի 10 տարի էլի պետք է իշխեն ու բոլորին անցկացնեն Մելիք-Ադամյան փողոցով, քանզի Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին չես համեմատի (գոնե հանրային վարկանիշի առումով), բայց ձևակերպումներն ու փիլիսոփայությունը նույնն է, ինչը վատ նախանշան է առաջին հերթին փաշինյանական իշխանության համար:

Եթե առաջ Աշոտյանն էր նյարդեր սղոցող ու մեծ-մեծ փրթող հայտարարություններ անում, ապա այժմ հեղափոխական տեղափոխություն է տեղի ունեցել: Աշոտյանն ընդունել է, որ ժամանակին իրենց այդ պահվածքը սխալ էր ու դա հանգեցրեց պարտության, իսկ ահա Ալեն Սիմոնյանը որդեգրել է աշոտյանական բառապաշարը:

Ահա այսպիսի «թավշյա» բաներ:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենք ԱԺ արտահերթ ընտրությունները վերածելու են Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու քվեարկության: Դա նշանակում է, որ կրկին կիրառվելու է սև-սպիտակային պարզունակ, բայց իրեն արդարացրած տեխնոլոգիան: Չեն հնչելու պետության զարգացմանը և մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի պատասխանները: Լինելու են «դուխով» ելույթներ ու «գըմփ-գըմփ-հու՛»-եր:

Ստեղծված իրավիճակում Ալեն Սիմոնյանի անոնս արած ու Նիկոլ Փաշինյանի կիրառելիք տեխնոլոգիան արդյունավետ է: Զուտ իշխանության պահպանման և ամրապնդման տեսանկյունից Փաշինյանը ճիշտ է անում՝ եթե նրանից այլ բան չեն պահանջում սերիալի սիրահարները, ապա ինչու՞ պետք է նա այլ բան անի, հատկապես որ «այլ»-ի հարցում լուրջ խնդիրներ կան նոր իշխանւթյունների մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը