Մեկնաբանություն

08.11.2018 13:50


Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Գառնիկը ճիշտ էր, Ասյան սխալվեց (տեսանյութ)

Ամիսներ առաջ երբ կապույտ և այլ գույնի մազերով հայտնի Ասյա Խաչատրյանը Երևանում պատմում էր Ղարաբաղում իր հետ տեղի ունեցածը, ակնհայտ էր, որ նրա խոսքում կար հայաստանցի-ղարաբաղցի հակադրության կոդ:

Հարցն այն չէ, որ Ասյան սուտ բաներ էր պատմում Ղարաբաղի ոստիկանությունում իր հետ տեղի ունեցածի մասին: Ամենայն հավանականությամբ, կապույտ մազավորը ճիշտ է ասել, բայց հարցն այն է, որ նա այդ ամենը պատմում էր հակաղարաբաղցիական տրամադրություններ առաջացնող ձևակերպումներով: Հակաղարաբաղցիականությունը և հայաստանցիների մոտ Ղարաբաղի հանդեպ հակակրանք առաջացնելու ցանկությունը, ինչպես ասում են, կարմիր թելով անցնում էր նրա խոսքերում:

Այն օրերին ֆեյսբուքահայությունը բուռն ձևով արձագանքեց Ասյայի պատմածներին: Գրեթե բոլորը «ասուժդամս» էին անում Ղարաբաղի ոստիկաններին (նաև՝ ղարաբաղցիներին) և «ադաբրյամս» էին անում Ասյային:

Միայն քչերն էին արձանագրում, որ սույն աղջիկը էպատաժային բաներ է անում, որոնք այլ նպատակով են օգտագործվելու: Աղջիկն, ամենայն հավանականությամբ, կարող էր և չիմանալ իր արածների բուն նպատակը:

Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այն քչերից էր, ով այդ օրերին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Ասյայի գործողություններում տեսնում է Բաքվի հետքն ու հետևաբար՝ այդ աղջկա արածների և ասածների նպատակը լրիվ այլ է: Իսագուլյանը պնդում էր, որ ադրբեջանցիներն աշխատել են այդ աղջկա հետ, սակայն, ցավոք, ինքը չի կարող ապացույցներ ներկայացնել, բայց հաստատ կարող է ասել, որ կա համապատասխան օպերատիվ ինֆորմացիա:

Իսագուլյանին դատափետեցին, թե իբր նա ԿԳԲ-շնիկական հակաքարոզ է տանում խեղճ աղջկա դեմ և փորձում է Ղարաբաղի իշխանություններին պաշտպանել: Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց նույնիսկ հավաք կազմակերպվեց՝ ի պաշտպանություն Ասյայի:

Վերջին օրերին Ասյայի մասնակցությամբ տեղի ունեցած «ադրբեջանցի ընկեր» ակցիան եկավ ապացուցելու, որ մոդայիկ դարձած ձևակերպմամբ՝ Գառնիկը ճիշտ էր, իսկ մյուսները և հատկապես Ասյան սխալվեցին:

Հայաստանում «խաղաղասիրական» քարոզը ոչ միայն բարձր կարգավիճակ ունեցող կանանց, այլ նաև «առաջադեմ» աչոնիկների միջոցով է տարվում:

Առջևում Ղարաբաղի հարցով լրջագույն գործընթացներ են սպասվում և ադրբեջանցիներին սիրող ասյաները ակտիվորեն մեյդան են հանվել: Ասյաները կարող է չիմանան էլ, որ իրենք օգտագործվող քարոզչագործիքներ են, բայց դրանից նրանց «խաղաղասիրական» առաքելությունը նվազ մտահոգիչ չի դառնում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը