Մեկնաբանություն

10.11.2018 14:55


Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սերժ Սարգսյան VS Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ղազախստանում տեղի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բողոքել է, որ շատերը չեն ուզում աշխատել, որպեսզի նպաստ ստանան:

«350 հազար մարդ ճռռում է, որպեսզի 800 հազար մարդու պահի»,-տնտեսության մեջ տիրող իրավիճակը պատկերավոր նկարագրել է Փաշինյանը:

Ժողովրդական լեզվով ասած՝ Փաշինյանը «մուննաթ» է եկել թամբալների վրա և աշխատելու կոչ արել համարյա լենինյան ոճով՝ «աշխատե՛լ, աշխատե՛լ, աշխատե՛լ»:

Տեղին է հիշեցնելը, որ համանման ձևով ու «թամբալ ժողովուրդ» թեմայի շրջանակներում սիրում էր դժգոհություն հայտնել նաև Սերժ Սարգսյանը: Նա ևս կոչ էր անում աշխատել, ինչին ի պատասխան «Աշխատող Սաշիկի» մասին սկսեց շրջանառվել մի անեկդոտ, որի վերջաբանում Սերժ Սարգսյանը դժգոհում է, թե ինչու են միայն իր մերձավորներն աշխատում այս երկրում, իսկ մյուսները թամբալ են: Ինչևէ:

Չուտել մարդու միս, խմել այծի կաթ, ոչխար պահել, մոշ հավաքել,

կով չմորթել, գնել հեռուստացույց և նպաստ չուզել

Նկատենք, որ «800.000 թամբալի» թեզը շրջանառության մեջ դնելով Փաշինյանը փաստացի փողոցից տեղափոխվում է կաբինետ: Չկան պատրանքներ, չկա պոպուլիզմ: Կա զարմանք ու շոկ:

Շոկն ու զարմանքը Փաշինյանի մոտ առաջացել է այն պատճառով, որ նա մինչև վարչապետ դառնալը և նույնիսկ դառնալուց հետո մի որոշ ժամանակ անկեղծորեն մտածել է, որ կարողանալու է թռիչքաձև տնտեսական զարգացում ապահովել, ինչպես որ պնդում էր մինչև վարչապետ դառնալը:

Նա համոզված է եղել, որ եթե ինքը ճամպրուկով կամ ուսապարկով «լևի» փող չպահանջի գործարարներից, եթե անձամբ կամ իր բարեկամների միջոցով չզբաղվի բիզնեսով և եթե մանր ու խոշոր եղջերավորներին ազատ արտահանվելու հնարավորություն տրվի, ապա տնտեսությունը ինքնաբերաբար կզարգանա:

Թռիչքաձև զարգացման առումով Փաշինյանի հույսը ու նաև հավատն այն է եղել, որ թավշա հեղափոխությունից հետո ամբողջ աշխարհից կգան մեզանով հիանալու և տեսնելու, թե այդ ի՞նչ ժողովուրդ է, որ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ի միջոցով հեղափոխություն է արել: Արդյունքում զբոսաշրջությունը կզարգանա, ու մենք բոլորս կդառնանք երջանիկ:

Որքան մեծ է հիմա Փաշինյանի զարմանքը ու, ամենայն հավանականությամբ, նաև՝ զայրույթը, որ զբոսաշրջության թվերը առանձնապես թռիչքային տեմպեր չեն արձանագրել ու աշխարհը «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երով կարող է հիանալ նաև, ասենք, Իսլանդիայում, ընդ որում՝ օրիգինալ կատարմամբ:

Բռնոցի-պպզոցի- փողպոկոցի-բացթողոցի

«Իմ քայլը» երգի բառերի հեղինակի պատկերացրած տնտեսական քաղաքականությունն այն է, որ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու ոստիկանությունը պետք է ամեն օր կրիմինալ սերիալ մատուցեն ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ ցույց տալով, որ կոռուպցիայի դեմ պայքար է գնում:

Այսպես կոչված հակակոռուպցիոն պայքարը դարձել է տնտեսական քաղաքականության մեխը: Ամեն օր խոսում են այն մասին, որ առերևույթ միլիոններ են թալանվել և կա առերևույթ հանցագործ, բայց իրականում «գել-թոզ» են անում: Շուխուռով խոսում են առերևույթ թալանի մասին ու հետո՝ համեստորեն հերքում իրենց ասածները:

ՀՀ հպարտ քաղաքացին ամեն օր կրիմինալ սերիալ տեսնելով մտածում է, որ առերևույթ հայտնաբերված միլիոնները Նիկոլը պետք է հարուստներից վերցնի ու աղքատներին բաժանի (սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, քանզի զրուցել եմ մի քանի հպարտ քաղաքացու հետ, որոնք համոզված պնդում են, որ Նիկոլը բոլոր նախկին իշխանավորներից ու մականունավոր օլիգարխներից փողերը հավաքելու է և իրենց տա):

Փաշինյանը, թերևս, նախկինում համոզված է եղել, որ բոլոր չինովնիկները՝ սկսած բաժնի պետերից, առավոտյան սափրվում ու գալիս էին աշխատանքի, որպեսզի կոռուպցիայով զբաղվեն: Մտածել է, որ եթե ինքը գա իշխանության ու դա թույլ չտա, ապա ամեն ինչ տեղը կընկնի և տնտեսությունը թռիչքաձև կզարգանա: Հիմա նա ցավով բացահայտել է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ինքն էր մտածում և ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես ինքն էր պատկերացնում:

Ճիշտ է, նախկինում կոռուպցիա կար ու դա կրում էր համակարգային բնույթ, և բնական է, որ հիմա պետք է հակակոռուպցիոն պայքար իրականացվի, բայց հակակառուպցիոն պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը: Սա՛ է խնդիրը:

Ինչպե՞ս աշխատացնել հայերին

Նիկոլ Փաշինյանի մի շարք ելույթներ վերլուծելով կարող ենք ասել, որ նրա մոտ կա հայերի թամբալության մասին համոզմունք: Այդ համոզմունքը նրա մոտ, ամենայն հավանականությամբ, առաջացել է վարչապետ դառնալուց հետո, քանզի եթե մինչև այդ նա իմանար հայերի թամբալության մասին, ապա տնտեսության թռիչքաձև զարգացում չէր խոստանա:

Հիմա նա ստիպված առաջարկում է ոչխար պահել, մոշ հավաքել, մի խոսքով՝ աշխատել: Եթե նրան լսեն հպարտ քաղաքացիները, ապա մենք տարածաշրջանային ռեկորդ կսահմանենք, բայց ոչ բոլորն են ցավոք հպարտ ու մեջները նաև հակահեղափոխականներ են հանդիպում, և ահա այդ իսկ պատճառով էլ խիարը թարս է բուսնում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա տնտեսության զարգացում հնարավոր է ապահովել կայուն ու կանխատեսելի խաղի կանոններ ձևավորելով և ուժայիններին տնտեսական կյանքում գլխավոր դերակատարում չտալով:

Եթե Փաշինյանն ուզում է, որպեսզի մեր երկրում ներդրումներ լինեն ու տնտեսությունը զարգանա, ապա պետք է վերադառնա հեղափոխության օրերի կարգախոսներին, այն է՝ ո՛չ վենդետային և այո՛ սիրո ու համերաշխության մթնոլորտին:

«Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» կոչերից հետո երկրում, պատկերավոր ասած, անգամ 1 դրամի ներդրում չի լինի ո՛չ ներսից, ո՛չ դրսից:

Հակակոռուպցիոն պայքարը լավ բան է, բայց «բռնոցին» ու «փող պոկոցին» չի կարող դառնալ տնտեսական քաղաքականության մեխը: Կոռուպցիոն ծագում ունեցող փողերով կարելի է բյուջեն լցնել, բայց դրանք սպառվող ֆիզիկական ծավալներ ունեն: Հետևաբար անհրաժեշտ է հստակ և խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն վարել:

Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խոսում է աշխատատեղերից, բիզնեսի զարգացումից ու ներդրումներից, սակայն իր վարչապետ դառնալուց հետո հարվածի տակ է հայտնվել Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը՝ Ամուլսարի հանքի շահագործումը:

Հանքի շահագործման բոլոր օրինական հիմքերն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում արած «Լիդիան Արմենիան» ու դրա հետ կապված կապալառուները կրճատել են ավելի քան 1.200 աշխատատեղ, բայց կառավարությունը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար:

Եթե հանքի շահագործումը վնասելու է ջրերին, ապա պետք չէ դա թույլ տալ: Բայց եթե բնապահպանական խնդիր չկա, ապա անհասկանալի է, թե ինչին է սպասում կառավարությունը և ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի և՛ ընկերության, և՛ աշխատողների իրավունքները վերականգնվեն: Աշխատելու կոչեր անելուց զատ պետք է նաև չխանգարել աշխատողներին կամ օգնել նրանց:

Տնտեսական քաղաքականությունը լոզունգներով և բարի ցանկություններով չի իրականացվում, ավելի ճիշտ՝ միայն դրանցով չի իրականացվում: Պետք են կոնկրետ ծրագրեր և գործողություններ:

Շատ գեղեցիկ է հնչում այն միտքը, թե եկեք հանքարդյունաբերությունը փոխարինենք բարձր տեխնոլոգիական տնտեսությամբ, բայց երբ լոզունգի տակը բան չկա, ապա ստացվում է՝ եղածը քանդել ու նորը չկառուցել:

Շատ լավ է, որ Փաշինյանի մոտ արդեն անցնում է հեղափոխական էյֆորիան և նա հասկանում է, որ պետական կառավարումը ամենօրյա քրտնաջան ու նաև անշնորհակալ աշխատանք է: Մնում է հուսալ, որ նա նախընտրական փուլում չի կրկնի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված սխալը:

Հանրությունը չպետք է բաժանվի սևերի ու սպիտակների, հանրահավաքային հարթակը չպետք է դառնա ուժայիններին շոու-հրահանգ տալու վայր: Հեղափոխական հռետորաբանությանը պետք է փոխարինելու գա ծրագրային տեքստը: Դա բխում է և՛ ՀՀ, և՛ Փաշինյանի շահերից:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Այն 800 հազար քաղաքացին, որից դժգոհում է Փաշինյանը, հիմնականում իր էլեկտորալ բազան է: Նրանց մեջ շատ են չաշխատող ու պարազիտի պես ման եկողները, որոնց ուշքը գնում է Փաշինյանի համար, քանզի նա «դուխով» բաներ է ասում ու պնդում, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիմա պարզվում է, որ մեր ազատ ու երջանիկ Հայաստանում 800 հազար թամբալ կա, բայց հարկ է նկատել, որ նրանք թամբալ չեն: Նրանք իրենց երջանկությունը գտած հպարտ քաղաքացիներ են. չէ՞ որ երջանկությունը ոմանք նաև պատկերացնում են չաշխատելու և երջանկությունը վայելելու տարբերակով:

Այս խորագրի վերջին նյութերը