Մեկնաբանություն

14.11.2018 12:35


Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Մեզանում ընդունված խաղի կանոնների համաձայն՝ բանակի վերաբերյալ ասվել ու գրվել է միայն լավը: Կամ՝ ոչինչ: Ճիշտ է դա, թե ոչ, այլ խոսակցության թեմա է:

Ապրիլյան պատերազմից հետո այդ խաղի կանոնը մի փոքր վերանայվեց: Բանակի հասցեին հնչեցին որոշ քննադատական գնահատականներ: Իսկ հեղափոխությունից հետո տեղի ունեցած որոշ գործընթացներ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ բարձր մակարդակով խնդիր է դրված վարկաբեկել Ղարաբաղյան պատերազմի հետ կապ ունեցող բարձրաստիճան զինվորականությանը: Միգուցե դա սխալ տպավորություն է, բայց, ամեն դեպքում, կա այդպիսի տպավորություն:

Մենք չենք ուզում խաղալ նոր կանոններով ու գտնում ենք, որ մեր բանակը ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորն է ու պատվով է կատարում այդ դերը, իսկ մեր զինվորականներն արժանի են հանրային հոգացությանն ու բարձր գնահատականին, բայց կան բաներ, որոնց, թերևս, արժե անդրադառնալ գոնե հարցադրումների մակարդակով:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս անդրադարձել էր Նախիջևանի կողմից ադրբեջանական դիրքերի տեղաշարժին ու փաստացի չէր հերքել, որ Զանգակատուն համայնքի ուղղությամբ անվտանգության խնդիրներ կան:

Տոնոյանը մի կողմից ասում է, որ խնդիր չկա, բայց մյուս կողմից էլ ասում է, որ իրենք միջազգային կառույցներին տեղեկացրել են Նախիջևանի ուղղությամբ խնդրի մասին: Հարց է առաջանում, որ եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ են դիմել միջազգային կառույցներին:

Տոնոյանը հայտարարում է, որ ադրբեջանական կողմն էլ ունի այնպիսի խնդիրներ, որոնք ունեն Զանգակատան բնակիչները և սրտնեղում է, որ ադրբեջանական կողմը չի բարձրաձայնում այդ մասին, իսկ ահա մեր համայնքի ղեկավարն ու լրագրողները խոսում են այդ մասին: Այսինքն չխոսե՞նք խնդրի մասին: Հետաքրքիր մոտեցում է:

Տոնոյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ հայկական բանակը շուտով համալրվելու է թանկարժեք կործանիչ ինքնաթիռներով:

Վատ չէ, իհարկե, որ մեր բանակը համալրվում է ժամանակակից հարձակողական ինքնաթիռով, բայց հարց է առաջանում, թե արդյոք կործանիչները գնելուց առաջ ուսումնասիրվե՞լ է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգը:

Արդյոք այդ ինքնաթիռները կարո՞ղ են մուտք գործել Ադրբեջանի տարածք ու կատարել մարտական առաջադրանք: Արդյոք հաշվի առնվե՞լ են մեր տեղանքի ու ռազմական թատերաբեմի առանձնահատկությունները: Միգուցե մեզ ա՞յլ զինատեսակներ են պետք, որպեսզի առաջին հերթին պաշտպանենք մեր գյուղերն ու քաղաքները հակառակորդի հարձակումներից ու հետո կարողանանք ենթադրյալ մարտը տեղափոխել Ադրբեջանի տարածք:

Սրանք հարցեր են, որոնք մասնագիտական պատասխաններ են պահանջում և որոնց լուծումից է կախված մեր անվտանգության մակարդակը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը