Մեկնաբանություն

15.11.2018 17:04


Ցուցակային լյուստրացիա (ո՞վ է ուզում դառնալ պատգամավոր)

Ցուցակային լյուստրացիա (ո՞վ է ուզում դառնալ պատգամավոր)

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները կամա թե ակամա յուրօրինակ լյուստրացիա են իրականացրել: Նրանք դա արել են ԿԸՀ ներկայացրած իրենց ցուցակների միջոցով:

Պատգամավորական ցուցակները բացահայտում են, թե ով ով է եղել անցած տարիների ընթացքում ու նաև հիմա: Ով է կեղծավոր, ով է ծախված, ով է սկզբունքային, ով է քամելեոն, ով է «առնետ», ով է «կոնյունկտուրշիկ», ով է հարված պահող, ով է պատեհապաշտ, ով է վախկոտ, ով է կանգուն, ով է անցողիկ, ով է «պռաշլյակ» և այդպես շարունակ:

Տարբեր կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում տեսնում ենք մարդկանց, որոնք հարցեր են առաջացնում, բայց առավելապես հռետորական բնույթի, քանզի գոնե մեզ համար ամեն ինչ հստակ երևում էր «էն գլխից»:

Օրինակ՝ հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի այս կամ այն լրագրողը և խմբագիրը մի ցուցակում, երբ տարիներ ու նույնիսկ ամիսներ առաջ այդ ցուցակի լիդերի դեմ է գրել ու խմբագրել: Նույնիսկ հիմա են այդ մարդիկ շարունակում նախկին իշխանության հետ խաղեր տալ, բայց հայտնվել են հեղափոխականների ցուցակում:

Ի՞նչ գործ ունի քաղհասարակություն կոչվածի այս կամ այն ներկայացուցիչը այդ մարդկանց գործունեության ուղղությանը գաղափարապես հակասող քաղաքական ուժի ցուցակում:

Ինչպե՞ս է ստացվել մի կողմից հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական մերձեցման և Ղարաբաղի հարցում տարածքային զիջումների կողմնակցի, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանից ու Թուրքիայից հող պահանջողների և հող գրավել պատրաստվողների համագործակցությունը: Ծովից ծով Հայաստանն ու լճից լիճ Հայաստանը, փաստորեն, կարող են հայտնվել միևնույն ցուցակում:

Ցուցակային լյուստրացիան հետաքրքիր է նաև այլ տեսանկյունից:

Դատելով ամենից՝ սերժականից նիկոլական դառնալը կես քայլ է: Կես քայլ է նաև արագ կերպարանափոխությունը՝ ընդդիմադիր հռետորաբանությունից դեպի տխրահռչակ կարենավագյանների հռետորաբանությանն անցնելը: Անգամ Աշոտյանն է հուշում, որ պետք չէ իրենց սխալները, գոռոզամտությունը և մեծ-մեծ խոսալը կրկնել, բայց ոչ մեկ նրանց չի լսում՝ Նիկոլ Փաշինյանին դարձնելով կռապաշտության օբյեկտ, ինչը հուշում է, որ Փաշինյանին սպասում են ծանր ժամանակներ, որովհետև իրեն քծնողները զրո արժեք են ներկայացնում ու պարազիտի պես մսխում են հանրային վստահության փաշինյանական կապիտալը:

Լյուստրացիան շարունակվում է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը