Աշխարհ

09.03.2010 20:19


Թոմաս դե Վաալ. «Խոսքը մեծ փաստաթղթի մասին չէ, այլ շրջանակային փաստաթղթի»

Թոմաս դե Վաալ. «Խոսքը մեծ փաստաթղթի մասին չէ, այլ շրջանակային փաստաթղթի»

Մարտի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր  քննարկում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» խորագրով, որի հյուրը լրագրող, գրող և «Քարնեգի» հիմնադրամի ռուսաստանյան և եվրասիական ծրագրերի փորձագետ Թոմաս դե Վաալն էր։

Քննարկման ժամանակ նա նշել է, որ Կովկասում սառեցված հակամարտություններ չկան, կան ննջող հակամարտություններ։ Թոմաս դե Վաալը Հայաստան էր ժամանել Բաքվից, որտեղ, իր խոսքերով, միջավայրը բավական ծանր է, քանի որ ընդդիմության համար փակ է քաղաքական տարածքը։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Բաքուն պայթյունային տեմպերով աճում է և դարձել է Պարսից ծոցի Դուբայը։ Ղարաբաղյան հարցի առումով, նա նշել է, որ քննարկումների ժամանակ ավելի դրական է խոսվում, քան տարիներ առաջ, խոսվում է այնպիսի բաների մասին, ինչի մասին չէր խոսվում։։

-Կարծում եմ փաստաթուղթը, ես դեռ չեմ տեսել, բայց որքան հասկացա 2-3 էջ է, այսինքն խոսքը մեծ փաստաթղթի մասին չէ, այլ շրջանակային փաստաթղթի մասին և շատ ճեղքեր դեռ պետք է լցվեն։ Կարծում եմ տարրական թյուրըմբռնումներ կան հնարավոր համաձայնության կամ ժողովրդական հանրաքվեի բնույթի վերաբերյալ։ Ինչպես միշտ շրջանով պտտվում ենք և հասնում ենք Ղարաբաղի կարգավիճակի խնդրին։ Չեմ կարծում, որ Ադրբերջանն այս հարցում իր դիրքորոշումը փոխել է,- մադրիդյան նորացված սկզբունքների մասին խոսելիս ասել է Թոմաս դե Վաալը։

Նրա կարծիքով շատ է խոսվում սկզբունքների մասին, սակայն Ղարաբաղում սկզբունքների շուրջ երկու նախագահների ստորագրությամբ խաղաղություն չի լինի։ Այս դեպքում աթոռը չորս ոտք պետք է ունենա, այնինչ այժմ խաղաղության գործընթացն ընդամենը երկու ոտք ունի՝ բանակցություն հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ և հրադադարի ռեժիմի փոխըմբռնում։ Երրորդ ոտքը՝ հետհակամարտային պլանավորումը և չորրորդ ոտքը՝ ժողովուրդների շփումները իսպառ բացակայում են։

-Լրիվ խաղաղության հասնելու համար միայն հիմնարար սկզբունքների փաստաթուղթ չէ պետք, պետք են նաև այլ տարրեր,- ասել է նա։

Բանակցվող ծրագիրը, նրա կարծիքով, գեղեցիկ է նրանով, որ միջանկյալ կարգավիճակի հարց է դրվում և նրա կարծիքով միջազգային հանրությունը բավականաչափ գործ չի  անում, որ միջանկյալ կարգավիճակին համապատասխան չափով օժանդակի։

Թոմաս դե Վաալն նկատել է, որ փոքր պետություններում հավատում են, որ աշխարաքաղաքական հարցերը լուծում են գերտերությունները, սակայն լուծման իրական բանալին տեղի ժողովրդի մոտ է։

Ղարաբաղյան հարցում, նրա կարծիքով, կա մի նրբություն ևս  Հայաստանն ու Ադրբեջանը իրենց պետականությունը կառուցել են Լեռնային ղարաբաղի հակամարտության շուրջ և հարցը երկու պետությունների պետականության բնույթի խնդիր է նաև։ Հետևաբար, Թոմաս դե Վաալի կարծիքով կողմերը պետք է խոսեն ոչ թե հակասությունների մասին, այլ՝  ընդհանրությունների։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը