Խմբագրական

27.11.2018 14:40


Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Բանավոր խոսքի ժամանակ մարդը «կիքսեր» տալու հատկություն ունի: Բանավոր խոսքի ժամանակ մարդն ամենաանկեղծն է: Որքան էլ փորձի թաքցնել սեփական մտքերը կամ խաբել, միևնույն է բանավոր խոսքը մատնում է դրա տիրոջ էությունը: Ճիշտ է, գրավորն էլ է մատնում, բայց բանավորի ժամանակ սեփական լեզվի նկատմամբ վերահսկողությունը շատ ավելի թույլ է, քան գրելիս:

Գրավորի ժամանակ հնարավոր է հետ դառնալ և ուղղել այն միտքը, որը դուրդ չի գալիս կամ թաքցնել այն միտքը, որը չես ուզում ասել: Բանավորն այլ է, հատկապես երբ հայտնվում ես ամբոխի առաջ ու «տաքանում»:

Հայտնի սոցիալ-հոգեբան Սերժ Մոսկովիչին պնդում էր, որ մարդկանց հավաքների ժամանակ անհատի մոտ ենթագիտակցականը սկսում է ճնշել գիտակցությանը և նա սկսում է ասել բաներ, որոնք այլ պայմաններում չէր ասի:

Ըստ Մոսկովիչիի՝ մարդն ամենառացիոնալն է ու հավասարակշռվածը, երբ մենակ է: Որքան շատանում են իրար հետ շփվող մարդիկ, այնքան ռացիոնալիզմն իր տեղը զիջում է իռացիոնալիզմին ու այնքան գիտակցականը կապիտուլացվում է ենթագիտակցականի առաջ:

Մեկ այլ աշխարհահռչակ գիտնական Զիգմունդ Ֆրեյդը մարդու ենթագիտակցականի մասով հեղափոխական հայտնագործություններ է արել: Դրանցից մեկը վերաբերում է լեզվի սայթաքմանը:

Ֆրեյդի տեսության համաձայն՝ մարդը կարող է, անկախ իր կամքից, արտաբերել մի բառ կամ նույնիսկ նախադասություն, որը նա չէր ուզենա ասել, բայց որը բացահայտում է տվյալ սուբյեկտի իրական մտածողությունը և կարծիքը: Որքան էլ հետո մարդը փորձի արդարանալ, թե այլ բան նկատի ուներ կամ սխալվել է, միևնույն է դա ոչինչ չի նշանակում, քանզի ասածն արդեն մատնել է իրեն:

Ի դեպ, «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» ձևկերպումը մտել է առօրյա խոսակցական մեջ: Երբ մարդը անկախ իր կամքից բերանից բառ է «թռցնում», ասում են «սայթաքեցիր ըստ Ֆրեյդի»:

Սա որպես նախաբան: Հիմա անցնենք բուն թեմային:

Նիկոլ Փաշինյանի մտքինն ու լեզվինը

Բուն թեման քարոզարշավն է: Ու քանի որ հիմա բանավոր խոսքի հեղեղ է, ուստի «կիքսերն» էլ են հորդում հռետորների բերաններից: Լեզվի սայթաքումն, ըստ Ֆրեյդի, ամենուրեք է:

Երեկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ բան է հայտարարել: Արձագանքելով «Սասնա ծռերի» այն պնդմանը, որ ձևավորվելիք ԱԺ-ն ժամանակավոր է լինելու և 1,5-2 տարի հետո տեղի կունենան նոր ընտրություններ՝ Փաշինյանը նախընտրական հանդիպման շրջանակներում հայտարարել է. «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

Փաշինյանը խորհուրդ է տվել իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սրանք շատ ուշագրավ հայտարարություններ են, որոնք մի քանի շերտ են պարունակում և արժե հասկանալ, թե արդյոք դրանք ընդամենը «տաքացածությա՞ն» հետևանք են, թե՞ Փաշինյանի լեզվից թռել է այն, ինչը նա երկար ժամանակ թաքցրել էր: Այսինքն՝ արժե հասկանալ, թե արդյոք նրա ասածներն ըստ Ֆրեյդի՞ են, թե՞ ըստ Փաշինյանի (տաքգլխության ու նեղացածության արդյունք):

Մի կողմ թողնելով այն հարցի քաղաքական գնահատականը, թե արդյոք կարելի՞ է 2 տարուց հետո արտահերթ ընտրություններ պահանջող ուժին սպառնալ, որ այդ ուժը կարող է համտեսել ասֆալտի համը՝ դիտարկենք Փաշինյանի հայտարարության այլ՝ հոգեբանական ու փիլիսոփայական ասպեկտները:

Ինչո՞ւ է Փաշինյանը թուլակամ համարում Սերժ Սարգսյանին և

ի՞նչ է դա նշանակում

Փաշինյանը Սարգսյանին, «Սասնա ծռերին» ուղղված պատասխանի համատեքստում, կարող է երկու պատճառով թուլամորթ ու թուլակամ համարել՝

1.«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ արձանագրված իշխանության պահվածքի համար,

2.այս տարվա ապրիլին հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնելու համար:

Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին համարում է թուլամորթ ու թուլակամ գործիչ այն առումով, որ ինքը Սարգսյանի պես չի վարվի, երբ առաջանա իշխանությունը պահելու խնդիր: Այսինքն՝ Փաշինյանը թույլ չի տա իր իշխանության դեմ հարձակում և արտահերթ ընտրություններ:

Իշխանություններն այն ժամանակ կարող էին ուժ կիրառել և տեղում վերացնել ՊՊԾ գունդը գրավածներին, բայց դա չարեցին: Թերևս հենց այդ վարքագիծն է Փաշինյանը թուլակամություն ու թուլամորթություն համարում:

Դատելով Փաշինյանի ասածներից՝ ստացվում է, որ եթե ինքը լիներ իշխանություն, ապա ՊՊԾ գնդի գրավումից հետո ոչ թե օրեր շարունակ կփորձեր բանակցել «ծռերի» հետ, այլ նրանց, պատկերավոր ասած, կփռեր գետնին:

Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե Փաշինյանը համարում է, որ «ծռերի» հանդեպ Սերժ Սարգսյանը մեղմ է վարվել ու հետևաբար նաև՝ սխալ, ապա ինչո՞ւ էր այն օրերին ՊՊԾ գնդի գրավումն օգտագործում իր քաղաքական փիառն անելու համար և ինչո՞ւ է համաներել «ծռերին», եթե գտնում է, որ նրանց հանդեպ թուլամորթություն ու թուլակամություն է ցուցաբերվել:

Եթե «ծռերին» նա համարում է ահաբեկիչներ, ապա ինչո՞ւ է ազատ արձակել: Իսկ եթե նրանց չի համարում ահաբեկիչներ, այլ կարծում է, որ նրանք ազգի շահերով առաջնորդվող հերոսներ են, ապա ինչո՞ւ է կարծում, որ նրանց հանդեպ պետք էր կոշտ ուժ կիրառել, այլ ոչ թե թուլակամություն:

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը թուլակամ ու թուլամորթ է համարում Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ վերջինս ապրիլ ամսին ընդառաջ է գնացել ցուցարարների՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջներին, ապա դա մատնում է Փաշինյանի տեսակը: Ստացվում է լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի:

Սերժ Սարգսյանին թուլակամության մեջ մեղադրելով՝ Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է, որ ինքը համանման իրավիճակում ոչ թե հրաժարական կտա, այլ կդիմադրի, այսպես ասած, մինչև վերջին փամփուշտը և ցուցարարներին կպառկեցնի ասֆալտին:

Ու սա ասում է մեկը, ով հայտարարում է, թե իբր հրապարակում կանգնած քաղաքացին է որոշում կայացնում: Փաշինյանն իր հայտարարությամբ, ըստ էության, ցույց տվեց, որ շատ ավելի կոշտ ռեժիմ է պատրաստվում ստեղծել, քան կար Սերժ Սարգսյանի օրոք, որը նա համարում է թուլակամ ու թուլամորթ: Իսկ «քաղաքացին է որոշում» ձևակերպումը զոմբիների ականջը շոյելու համար է, նաև՝ սեփական որոշումների համար պատասխանատվությունից խուսափելու և սեփական քայլերին լեգիտիմություն հաղորդելու համար:

Այս կտրվածքով «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում: Սերժ Սարգսյանը, սեփական սխալի մասին բարձրաձայնելիս, թերևս, նկատի է ունեցել այն, որ պետք է թուլակամություն չցուցաբերվեր ու ցույցերը խեղդվեր հենց օրորոցի մեջ, ինչը Փաշինյանը, ելնելով իր ձևակերպումներից, առանց աչք թարթելու կաներ, եթե լիներ իշխանություն, այսինքն՝ հետագայում պատրաստ է լինելու անել արդեն որպես իշխանություն:

Առաջնորդվենք ջունգլիների՞ օրենքով

Եթե քաղաքական պայքարը դիտարկում ենք անգլիացի փլիսոփա Հերբերտ Սփենսերի մոդելով, ապա Նիկոլը ճիշտ է, քանզի գործում է ջունգլիների օրենքը:

Ըստ Փաշինյանի ասածների և սփենսերյան մոդելի՝ հատկապես Հայաստանի տիպի երկրներում իշխանությունը պետք է վերցնել արմունկներով՝ դես ու դեն բոթելով մրցակիցներին և անհրաժեշտության պահին ասֆալտին պառկացնելով նրանց:

Դե եթե պառկացնելով է, ապա ճիշտ էին պառկացնողներ Լևոն Տեր-Պետրոսյանը (1996-ին նախագահի պաշտոնում վերարտադրվելով), Վազգեն Սարգսյանը («100 տոկոս էլ ձայն հավաքեիք, միևնույն է՝ ուժայինները չէին ենթարկվի Վ. Մանուկյանին»), Ռոբերտ Քոչարյանը (Տեր-Պետրոսյանին հեռացնելուց հետո իշխանության գալով և 10 տարի իշխանությունը պահելով), Սերժ Սարգսյանը (2008-ի հայտնի դեպքերի արդյունքում իշխանության գալով և 10 տարի իշխանությունը պահելով), Նաիրի Հունանյանը (հոկտեմբերի 27 կազմակերպելով), Նիկոլ Փաշինյանը (փողոցի միջոցով իշխանության գալով) և սխալ էին «պառկողներ» Լևոն Տեր-Պետրոսյանը (հրաժարական տալով), Վազգեն Սարգսյանը (սպանվելով), Նաիրի Հունանյանը (ահաբեկչության արդյունքում իշխանության չգալով), Ժիրայր Սեֆիլյանը (պարբերաբար կալանավորվելով), Սերժ Սարգսյանը (հրաժարական տալով) ու ընտրություններում պարտված նախագահի ընդդիմադիր բոլոր թեկնածուները:

Ահա այսպիսի թավշյա բաներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը