Լրահոս

29.11.2018 09:04


Ախուրյանի բաժինը Արևիկում դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր են նախապատրաստվում

Ախուրյանի բաժինը Արևիկում դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի Արևիկ համայնքի դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին քրեական գործ չկա հարուցված: Ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի ձեռքբերման ընթացքում ձեռքբերված փաստական տվյալներով կգնահատենք քրեական գործ հարուցելու հիմքեր առկա են, թե ոչ»,-նշեց դատախազը: Նոյեմբերի 27-ին, կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում:

Դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտի՝ Մանե Նռանյանին ու Սյուզի Ավետիսյանին պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն այդ ժամանակ, ուսուցչուհին հեռախոսով տեղեկանում է, որ իր երեխան վատառողջ է ու հիվանդանոց են տեղափոխելու: Տնօրինությունից թույլտվություն վերցնելով, աշակերտուհիներին թողնելով դասարանում՝ վերջինս տուն է շտապում, դասասենյակի բանալին մոռանալով սեղանին: Ինչպես տեղեկացնում են դպրոցից, երեխաներն էլ բանալիով ներսից փակում են դասասենյակի դուռը: Դպրոցի փոխտնօրենը և պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել և գնացել են:

Ավելի ուշ, երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ, բայց դպրոցի դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երբ տեսել են, որ երկար ժամանակ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել: Երեխաներին դպրոցի բակում ընկած տեսել է դպրոցի պահակը: Երեխաներից մեկին ծնողները տեղափոխում են Գյումրու Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց, որտեղ էլ հետազոտությունից հետո պարզ է դառնում, որ ուսահոդի կոտրվածք է, և անմիջապես երեխան վիրահատվել է: Երեխան հիմա հետվիրահատական կայուն վիճակում է, հիվանդանոցում է:

Այս խորագրի վերջին նյութերը