Մեկնաբանություն

03.12.2018 15:20


Հայաստանը քանդո՞ւմ է ՀԱՊԿ-ը

Հայաստանը քանդո՞ւմ է ՀԱՊԿ-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, քանի որ կոնսենսուս չկա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանն, ըստ այդմ, արձանագրել է, որ ՀԱՊԿ-ում գոնե այս պահին կան անհաղթահարելի հակասություններ անդամ երկրներից առնվազն երեքի միջև և միայն կուլիսային քննարկումները միգուցե կարգավորեն խնդիրը:

Ակնհայտ է, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում չեն համաձայնելու մեկը մյուսի թեկնածուներին: Իսկ դա արդեն փակուղի է: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Մինսկն ու Աստանան դեմ են նաև փոխզիջումային լուծմանը՝ մինչև 2020 թվականը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել ՌԴ ներկայացուցչին՝ ներկայիս պաշտոնակատարին: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ում կարող է օրակարգային դառնալ «կամ, կամ»-ի հարցը, ինչը լրջորեն կցնցի այդ կառույցին: ՀԱՊԿ անդամներից առնվազն երկուսը կարող են Մոսկվային ծանր ընտրության առաջ կանգնեցնել ու նույնիսկ օրակարգային հարց դարձնել ՀԱՊԿ-ի լուծարումը կամ այդ կառույցում Հայաստանին Ադրբեջանով փոխարինելը: Այս թեմաները, իհարկե, դեռևս պաշտոնական տեսք չեն ստացել, բայց լրատվական ու փորձագիտական մակարդակով լայնորեն քննարկվում են: Շատ ակտիվ այս ուղղությամբ աշխատում է Բաքուն, ընդ որում՝ ոչ միայն բելառուսական ու ղազախական, այլ նաև ռուսական տիրույթում:

Հակահայկական շրջանակների կողմից այժմ շրջանառության մեջ է դրվում այն թեզը, ըստ որի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջությամբ արևմտյան նախագիծ էր, որի նպատակը Հայաստանը ՌԴ ազդեցությունից հանելն ու Մոսկվային Հարավային Կովկասում թուլացնելն է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով: Նույն այդ շրջանակները հիմա փորձում են լոբբինգ անել այն տեսակետը, որ Խաչատուրովի հետ կապված պատմությունը Երևանը նախաձեռնել է ՀԱՊԿ-ին հարված հասցնելու և ի վերջո այդ կառույցը կազմաքանդելու համար:

Պարզ է, որ ՀԱՊԿ-ում ամեն ինչ կարգին չէր ու խնդիրները միայն Փաշինյանի օրոք չեն ստեղծվել: Պարզ է նաև, որ գեներալ Խաչատուրովի դեմ Փաշինյանը իրավական գործընթաց է սկսել զուտ ներքաղաքական խնդիրներ լուծելու և իր անձնական պատկերացումներին պատժի տեսք տալու համար, սակայն դա այլ կերպ է մեկնաբանվում դրսում: Փաշինյանը չէր ուզում, բայց ստացվեց այնպես, որ նա հիմա դարձել է գլխացավանք բոլորի համար:

Մեր երկրի հակառակորդները հիմա պարզապես օգտվում են պաշտոնական Երևանի կոպիտ սխալից ու մինչև վերջ ուզում են դիվիդենտներ ստանալ ներհայաստանյան զարգացումներից: Դե իսկ Արևմուտքի համար նոր շանս է ստեղծվել Ռուսաստանին հարվածելու համար ու այդ հարվածի գործիքը, կամա թե ակամա, դարձել է Երևանը: Մոսկվայում տեսնում ու հասկանում են դա, ինչը շատ լուրջ «ներվ» է առաջացնում: ՀԱՊԿ-ում մենք հիմա հայտնվել ենք «չուժոյի» կարգավիճակում:

Իսկ թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ և Արցախի անվտանգության համար, լրացուցիչ բացատրության կարիք կարծես թե չպետք է ունենար, բայց, փաստորեն, ոմանք դա լավ չէին հասկանում կամ էլ հասկանում էին, ո՞վ գիտե:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը