Քաղաքական

07.12.2018 14:22


«Մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար». Նաիրա Զոհրաբյան

«Մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ համար և վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի 12 օրվա ընթացքում հասցրել է լինել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մոտ 70 համայնքում։ 168.am-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուն նշեց, որ Սյունիքում և Վայոց Ձորում եղած իրականությունը բացարձակապես տարբերվում է երևանյան քաղաքական իրականությունից։

Զայրացնում է

«Այստեղ մարդիկ իրենց ռեալ հոգսերով են ապրում, և նրանց բնավ հետաքրքիր չէ, օրինակ՝ ՀՀԿ-ական այսինչի և «Իմ քայլը» դաշինքից այնինչի քաղաքական բանավեճը, որովհետև այստեղ մարդիկ ունեն ռեալ հոգսեր, գոյատևման խնդիր։ Գյուղեր կան, որտեղ կանխիկ փող տարիներով չի մտել, մարդիկ մթերքը փոխում են մեկ այլ մթերքով, որպեսզի կարողանան ապրել։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդուն կարո՞ղ է հետաքրքրել՝ որևէ հեռուստաբանավեճի ժամանակ որ քաղաքական ուժը ում ինչ ասաց, կամ ինչ քաղաքական ստրիպտիզի ենթարկեց։ Ոչ, այդ ամենն իրենց զայրացնում է»,-ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն։

«Մարդաորս են անում»

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Սյունիքում և Վայոց Ձորում քարոզարշավը բավականին հանգիստ է անցել. «Այստեղ ինձ համար անհավասար պայման չի եղել թեկուզ միայն այն պատճառով, որ չի եղել որևէ այլ թեկնածու, որ անցկացնի քարոզարշավ։ Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված 100-ից ավելի ռեյտինգային թեկնածուներից ես որևէ մեկին այդպես էլ չտեսա քարոզարշավ անցկացնելիս. Վայոց Ձորի և Սյունիքի մոտ 70 համայնքում եղել եմ։ Բազմաթիվ թեկնածուներ նախկին զզվելի գործելաոճով են շարժվել, և այսօր էլ, վաղն էլ այդ գործելաոճին են հավատարիմ մնալու։

Քարոզարշավ անցկացնելու, ընտրողին, քաղաքացուն իրենց տեսակետը ներկայացնելու փոխարեն՝ մարդիկ զբաղված են տարբեր օբյեկտներում գյուղապետերի, համայնքում տարբեր հեղինակություն ունեցող մարդկանց հանդիպելով, նրանց գրպանը գումար են դնում, ասում են՝ կգնաք, «պերերիվ» կանեք, միայն թե այսքան ձայն ես ստանամ։ Երբ մեր հարգարժան իրավապահները պարբերաբար հայտարարություն են անում, որ իմանալու են՝ ով է անօրինական գործունեություն իրականացնում, ես զարմանում եմ, որ նրանք մի անգամ իրենց հայացքները չթեքեցին Սյունիք և Վայոց Ձոր և չտեսան, թե ռեյտինգային որ թեկնածուներն են, որ իրենց իրական գործը թողած, համայնք-համայնք ընկնելու փոխարեն՝ ընկած են օբյեկտ-օբյեկտ, և մարդաորս են անում։

Ես հասկանում եմ՝ իրենք չէին կարող դասական քարոզարշավ անել, որովհետև ինտելեկտի հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն, ասելիք չունեն, եթե անգամ ասելիք էլ ունենան, ասելիքը ձևակերպելու ընդունակություն չունեն, դրա համար ընտրել են այդ տարբերակը»։

«Ներքին հանձնարարական է եղել»

Նա նշեց, որ, թեև բացահայտ վարչական ռեսուրս չի կիրառվել, բայց մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ հնարավորինս շատ քվե ապահովել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար.

«Որևէ մեկը չփորձի ասել, որ նման բան չի եղել, դա միանշանակ այդպես է։ Բայց դա բացարձակապես ինձ չի մտահոգում, որովհետև ես հույս ունեմ, որ գոնե այս սահմանային ռեգիոնում, որտեղ մարդիկ շատ ավելի լուրջ են վերաբերվում ընտրական պրոցեսին, շատ ավելի հստակ են հասկանում խաղաղության և պատերազմի գինը, իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ խորհրդարանում ունենալ տգետ պատգամավորներ, որ Արշակ Սադոյանն անվանել էր տապանաքարեր, գոնե զգալի մասը ճիշտ ընտրություն կկատարի՝ հասկանալով, որ առաջիկա խորհրդարանն ամենածանր խորհրդարաններից մեկն է լինելու, առաջիկա խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու, տգետների «շայկային» խորհրդարան չի ուղարկի»։

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը