Լրահոս

08.12.2018 11:45


Նոր Նորքում գործող «Հայաթ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նշված հյուրանոցի 33-ամյա տնօրենի դին. կա վիրավոր

Նոր Նորքում գործող «Հայաթ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նշված հյուրանոցի 33-ամյա տնօրենի դին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի Քանդված կամրջի հարևանությամբ գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը