Հարցազրույց

08.12.2010 17:27


Գագիկ Աբրահամյան

Գագիկ Աբրահամյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի» պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանի հետ

-Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի բիզնես միջավայրը։

-Կարծում եմ, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով լավանում է։ Դուք գիտեք, որ ես հեռու չեմ բիզնես միջավայրից (բիզնեսով չեմ զբաղվում, օրենքը թույլ չի տալիս, բայց հեռու էլ չեմ), և իմ պատկերացմամբ՝ տրամաբանությունը տանում է միջավայրի բարելավմանը։

-Բարելավման ո՞ւմ համար՝ ներմուծողների, թե՞ արտահանողների։

-Բիզնեսի բարելավում՝ չի նշանակում, որ մենք պետք է տարանջատենք և ասենք, որ բարելավումը կատարվում է միայն արտահանման կամ միայն ներմուծման համար։ Բիզնես միջավայրի բարելավում՝ նշանակում է, որ այն պետք է լավ լինի բոլորի համար։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ արտահանողները պետք է ունենան որոշ առավելություններ, որովհետև արտահանողը համաշխարհային շուկայում ավելի դաժան մրցակցության մեջ է՝ անկախ իր կամքից։ Արտահանողը պետք է շատ ուշադիր լինի մտքերի ձևակերպման մեջ, լեզուների պետք է տիրապետի, բնավորության որոշ գծերի խնդիր նաև կա՝ խոսքի տեր լինել և այլն։ Ցավոք սրտի, մեր առևտրային բալանսով արդեն մի քանի անգամ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ինչը շատ վատ է, բայց, հատկապես վերջերս կառավարությունում քննարկվեց արտահանողների շահերը պաշտպանելու մասին, և ամեն ինչ արվում է, որպեսզի արտահանողն իսկապես գոնե իր երկրում խնդիրներ չունենա։ Նշեմ նաև, որ հատկապես մեր տիպի երկներում ավելի արտահայտված է, որ մշտապես չեն կարողանում նույն որակով, նույն գնով, նույն քաշով և այլնով արտադրել։ Եվ դա դրսի շուկայում շատ-շատ է խանգարում։ Դրսի շուկան շա՜տ խստապահանջ է, հասկանում է, և դուք նրան չեք կարող ուղարկել մի որակի արտադրանք այսօր, իսկ հաջորդ անգամ՝ այլ որակի, և նա դա անպայման ձեզանից ընդունի և իրացնի։ Սա մեր հայ արտադրողի հիմնական խնդիրներից մեկն է։ Դա բոլոր արտադրատեսակներում է։ Օրինակ, եթե բացեք 10 շիշ հայկական գինի, ոչ մեկն իրար նման չի լինի, բայց նույն գինն է։ Դրա համար արտահանման ծավալները մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա չեն։ Մենք Խորհրդային Միության պատկերացումներով չպետք է շարժվենք։ Այսօր արտադրելն ամենահեշտ գործն է։ Իրացնե՛լն է դժվար։ Եվ մեր որոշ արտադրողների մոտ գաղափարական փոփոխություն չի կատարվել, որ արտադրողն ավելի քիչ պետք է շահ ունենա, քան իրացնողը։

-Դուք նշեցիք առավելությունների անհրաժեշտության մասին, իսկ չե՞ք կարծում, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացվող օրինագծերը չեն բխում տեղի արտադրողի շահերից։

-Իմ կարծիքով՝ ներսի շուկան այնքան խայտաբղետ է, որ շատ դժվար է ասել, բայց չեմ կարծում՝ կառավարությունը... Ես, համենայնդեպս, այդպիսի օրենքի նախագծի հետ չեմ առնչվել։

-Օրինակ՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքը։

-Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետև չգիտեմ, թե տվյալ տեղական արտադրողը, նամանավանդ որ ոգելից խմիչքներին է դա վերաբերում, մի քիչ ծանրակշիռ հարցադրում չէ, ես կարծում եմ։ Պետք է իմանալ, թե նրանց եկամուտները ինչքան են, ինչը դժվար է. միայն նրանք կիմանա։ Չեմ կարծում, որ նույն տեղական արտադրողն ինքը, ներողությություն ռուսերեն բառի համար, «работает на грани прибыли»։

-Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ հիմնականում այդ տեղական արտադրողներն են ԱԺ-ում դեմ արտահայտվում կառավարության բերած նմանօրինակ օրինագծերին։

-Կարծում եմ, որ կառավարությունը եթե ներկայացրել է, ուրեմն ունի իր հիմնավորումները, ունի հաշվարկներ, և նրանց հաշվարկները, բնականաբար, պետք է ելնեն հիմնականում տվյալ արտադրանքի եկամտաբերությունից։ Եթե նրանք, օրինակ, ունեին իքս տոկոս եկամտաբերություն կամ շահութաբերություն, իսկ շահույթ հետապնդող ցանկացած ընկերության եթե դուք փորձեք նրա շահութաբերության վրա օրենսդրական փոփոխություններով լուրջ ազդել, նվազեցնել, ոնց որ երեխային կրծքից կտրես, պետք է որ «լացեն»։

-Իսկ կառավարության գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Գերազա՛նց եմ գնահատում։ Ես Տիգրան Սարգսյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց։ Մեր բախտը բերել է, որ մենք այդպիսի վարչապետ ունենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը