Քաղաքական

09.12.2018 14:43


Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով․

«Շատ ուրախ եմ Հայաստանի իմ քույերի ու եղբայրների համար, որոնք խորհրդարանական ընտրություններին են գնալու տարվա սկզբին քայքայիչ, անարդար, կոռումպացված ռեժիմից իրենց ազատագրելուց հետո: Զայրանում եմ, երբ կարդում եմ 20 տարի երկիրը թալանած ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նման մնացորդների հայտարարություններն այն մասին, թե ընտրություններին պատրաստվելու բավական ժամանակ չեն ունեցել:

Ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է: Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ նախկին անարդարությունների հետ կապված արդարություն հաստատվի, և պետք է այնպես անեն, որ բոլոր պատասխանատուները հաշվետու լինեն:

Նախագահները, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են անձնական և ոչ թե երկրի շահերի համար՝ այդպիսով միլիարդատերներ դառնալով, կոռումպացված են:

Հայաստանի հեղափոխությունը և նոր բռնած նոր ուղին լավ օրինակ են, թե ինչպես է երկիրը խաղաղ կերպով անցում կատարում դեպի պրոգրեսիվ էլիտար հասարակության:

Շատ աշխատանք կա անելու հատկապես տնտեսության հետ կապված, բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ արթուն են և իշխանություն ունեն»:

Թանկյանի այս գրառմանն արձագանքել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում։

Սերժ Թանկյանն այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդարադատություն է։ Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը ապացուցելու, հիմնավորելու համար: Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ:

Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։

Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը