Լրահոս

12.12.2018 16:32


Առերևույթ կաշառք ստանալու դեպք Երևանի 192 դպրոցում

Առերևույթ կաշառք ստանալու դեպք Երևանի 192 դպրոցում

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերևույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը