Լրահոս

12.03.2010 15:06


Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին

Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող  պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին' ՀՀ Նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել' խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանի խոսքով' «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան' մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»:

Վարչապետ Դոնալդ Տուսկին եւս ասել է, որ  հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է' ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ  Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն էական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում, ինչը փոխշահավետ համագործակցության բազում կետեր գտնելու հնարավորություն է ընձեռում: Սերժ Սարգսյանը որպես հարաբերությունների զարգացման կարեւոր գործոններ հիշատակել է նաեւ երկկողմ մշակութային ակտիվ շփումները, խոսել ծագումով հայ լեհ մշակութային հայտնի գործիչների, լեհահայ համայնքի շաղկապող դերի մասին: ՀՀ Նախագահը անդրադարձել է նաեւ 2005թվականին  Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու փաստին' նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին:  

Հանրապետության Նախագահը եւ Լեհաստանի կառավարության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ հայ-լեհական փոխգործակցության  հնարավոր ուղղությունների, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման  շուրջ:

Վարչապետ Տուսկին նաեւ ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ՀՀ Նախագահի ջանքերն' ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Այս խորագրի վերջին նյութերը