Տնտեսական

20.12.2018 20:47


Հաջորդ տարվա պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման մի մասը կատարվելու է Ռուսաստանից ներգրավված վարկերի հաշվին

Հաջորդ տարվա պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման մի մասը  կատարվելու է Ռուսաստանից ներգրավված վարկերի հաշվին

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կազմելու է 151.6 մլրդ դրամ: Փոխառու զուտ միջոցների հաշվին դրա ֆինանսավորումը կազմելու է 225.4 մլրդ, որից 155.4 մլրդ դրամը կիրականացվի արտաքին վարկերի հաշվին: Նախատեսվող մասհանումների մեծ մասն իրականացվելու է Ռուսաստանի ներգրաված վարկերի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «2019 թվականի փոխառությունների ծրագիր» թեմայով միջոցառմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը:

«2019-ի համար պետական բյուջեի պակասուրդը, 2019թ-ի պետական բյուջեի մասին օրենքով, նախատեսվել է 151.6 մլրդ դրամ, որի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 225.4 մլրդ դրամ, ինչը կիրականացվի պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին՝ 70 մլրդ դրամով, և արտաքին վարկերի հաշվին՝ 155.4 մլրդ դրամով: Արտաքին աղբյուրներից նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ մոտ 240 մլրդ դրամ, որը կունենա երկու ուղղվածություն՝ բյուջետային աջակցության վարկերի մասով՝ 74 մլրդ դրամ, իսկ նպատակային վարկերի գծով՝ 164.2 մլրդ դրամ»,-ասաց Խանվելյանը:

Նրա խոսքով՝ արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների մարման և սպասարկման գծով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործառությունները՝ 85.2 մլրդ դրամի չափով մարում և 57.2 մլրդ դրամի չափով վճարել տոկոսավճարներ: «Նախատեսվող նոր մասհանումների մեծ մասը լինելու են ՌԴ-ից ներգրավված վարկերից իրականացվող մասհանումները՝ մոտ 193 մլն դոլար կամ 39.4 տոկոս, հաջորդ խոշոր մասնաբաժինը կլինեն Համաշխարհային բանկից ներգրաված վարկերի գծով մասհանումները՝ մոտ 12.3 տոկոս: Ինչպես նաև Ասիական զարգացման բանկից ներգրաված միջոցներից կիրականացվեն մասհանումներ, որը կկազմի ընդհանուր մասհանումների 10.8 տոկոսը»,-նշեց Խանվելյանն ու հավելեց՝ նախատեսված են նաև այլ գործընկեր կազմակերպություններից, երկրներից ներգրաված վարկային միջոցների հաշվին մասհանումներ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կայացած ֆինանսական շուկա ունենալու համար փոխադարձ ճանաչելիության և կանխատեսելիության բարձր աստիճանը կարևորագույն նախադրյալներ համարեց: Նա վստահեցրեց, որ կարճաժամկետ շահ հետապնդող մոտեցումները տեղ չունեն: «Ֆինանսական շուկան պետք է ոչ միայն լինի կայուն, այլ կայուն զարգացող և լավագույնս ծառայի երկրի տնտեսության զարգացմանը»,-նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը