Քաղաքական

22.12.2018 11:36


Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը

Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:

«Տաջիկստանի նախագահն աջակցել է Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին փաստաթուղթը»,-ասել է նա:

Զասի թեկնածությանն աջակցելու պատրաստակամություն Տաջիկստանի նախագահը հայտնել էր Դուշանբեում դեկտեմբերի 14-ին նրա հետ հանդիպման ժամանակ:

Նախօրեին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից:

«Այդ որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, 6 ղեկավարների կողմից»,-ասել էր Զայնետդինովը:

Նա նաև հայտնել էր, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե արդյոք բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի ղեկավար արդեն ստորագրել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան այցելած Զասը երեկ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտնել է, որ այդ երկրների առաջնորդները հավանություն են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը