Քաղաքական

24.12.2018 12:35


Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են անցկացնում դատախազության շենքի մոտ

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են անցկացնում դատախազության շենքի մոտ

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան մեկնարկել էր արդարադատության նախարարության շենքի մոտ, որտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի դատախազության շենք:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Նրանք նշում են, որ իրենց պայքարը հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել 25 միլիոն դրամի գրավի դիմաց:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը