Լրահոս

25.12.2018 19:28


Հետախույզ-նռնականետորդի մահվան մեջ մեղադրվող զինծառայողն օգտագործել է թմրամիջոց

Հետախույզ-նռնականետորդի մահվան մեջ մեղադրվող զինծառայողն օգտագործել է թմրամիջոց

Ժամկետային զինծառայող, հետախույզ-նռնականետորդ, շարքային Ժորիկ Պետրոսյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ծառայակցին՝ ժամկետային զինծառայող Ադամյանին, ով, պարզվում է, նաև ծառայության ընթացքում թմրամիջոց է օգտագործել։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստացել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում հարուցվել էր քրեական գործ՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Արմեն Ադամյանը՝ կոչումով շարքային, 2018թ. հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 3-ը մարտական դիրքում նշանակված է եղել որպես դիտորդ։ 2018թ. հուլիսի 24֊ին' ժամը 15:00-ի սահմաններում, մարտական հենակետի 9֊րդ խրամաբջջում կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է' չստուգելով իրեն ամրակցված հրացանի լիցքավորված լինելու հանգամանքը, սեղմել է օճգանը, որի արդյունքում արձակված կրակոցից տվյալ խրամաբջջի դիմաց նստած, նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, հետախույզ-նռնականետորդ, շարքային ժորիկ Վահագի Պետրոսյանը դեմքի շրջանում ստացել է միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Բացի այդ, պարզվել է, որ զինծառայողը 2018թ. հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի գործածել է կաննաբինոիդների շարքի թմրամիջոց:

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու եւ թմրամիջոց գործածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով և 364.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործն ընդունել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը