Տնտեսական

25.12.2018 14:13


Երևանի ավագանու որոշմամբ բարձրացվեցին երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները

Երևանի ավագանու որոշմամբ բարձրացվեցին երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները

Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց Երեւան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։

2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները՝ 2500 դրամից դառնալով 3000 դրամ։

Զգալի աճ է նախատեսված Երեւանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով:

2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երեւանի ենթակայության 26 երաժշտական եւ արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124:

Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այս փոփոխության նպատակը դասաժամերն ավելացնելն է երաժշտական դպրոցներում, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաեւ ուսուցիչների աշխատավարձերը։

2019 թվականին նախատեսվել են նաեւ նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության եւ բարեկարգման նպատակով հատկացման մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը