Քաղաքական

26.12.2018 19:57


«Փյունիկ»-ի հիմնադիր նախագահ Ջեմբերջյանը գիտի Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը

«Փյունիկ»-ի հիմնադիր նախագահ Ջեմբերջյանը գիտի Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը

«Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը տեղյակ է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված է քրեական գործ:

«Ազատության» հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից վերահստատեցին Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված չէ, իսկ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ գործողությունները նրան հայտնաբերելու նպատակով:

«Պարոն Սարգսյանը դուրսն է, և մոտ ատենեն իրեն հարցերը լուծվելու վրա են: Կվերադառնա, և իրեն կրնաք հարցնել: Ինքը սխալական բան արած չէ, միայն չհայտարարելն է, որ սխալ է․․․ Մեկ տարի առաջ եթե ինքը հայտարարեր, որ հարյուր միլիոն դոլար ունի, մեկը չէր ըսի՝ դու հարյուր միլիոն որտեղեն բերիր: Բայց քանի չի հայտարարած, ադ է իր հանցանքը, որը շատ մեծ հանցանք մը չէ»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Ջեմբերջյանը:

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու Լևոն Սարգսյանի չի վերադառնում Հայաստան, նա պատասխանեց․ «Ատիկա իմ բանը չէ»:

Ջեմբեջյանն ասաց, որ այս ընթացքում խոսել է Լևոն Սարգսյանի հետ, անգամ ծննդյան օրն է շնորհավորել․ «Բարեկամս եղած է: Նույնիսկ Սերժ Սարգսյանին հետ խոսած եմ»:

Հավելեց, որ գիտի, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը: Հարցին, թե արդյոք իրավապահները չեն հետաքրքրվել իրենից, թե որտեղ է Սարգսյանը, Ջեմբեջյանն արձագանքեց․ «Որևէ հարցում չի եղած ինձի այդ մասին: Իրավապահ մարմինները ինչի չեն հարցուցած՝ Լևոն Սարգսյանին հետ խոսո՞ւմ ես, չե՞ս խոսում»:

Նա վստահեցրեց, որ իր հիմնադրած և Լևոն Սարգսյանի կառավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամում ավարտվել են բոլոր տեսակի ստուգումները և որևէ խախտում չի հայտաբերվել։

Իսկ մեկ այլ՝ «Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի քրեական գործի շրջանակներում հաշվարկվել է պետության հասցված վնասի չափը, և ընկերությունը արդեն կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունները։

«Մոտավորապես մեկ միլիոն վեց հարյուր հազար դոլար վճարվեցավ»,-նշեց Ջեմբերջյանը:

Ընկերությունում 20 տոկոս բաժնետեր է Գաբրիել Ջեմբերջյանը և, Պետեկամուտների հաղորդագրության համաձայն, ընկերության հետ առնչություն ունի նաև Լևոն Սարգսյանը և նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Ջեմբերջյանն ասաց, որ սխալներ հիմնադրամում եղել են, բայց դրանց հեղինակը ոչ ինքն է, ոչ էլ Լևոն Սարգսյանը, այլ «երրորդ անձը», որը շահարկելով Լևոն Սարգսյանի անունը՝ ցանկացել է խուսափել հարկերից․ «Եվ ատոր վնասը մենք քաշեցինք: Բոլոր վճարումները․․․ ինձի համար տարբերություն չկա, ինչ որ տված եմ, իմ հայրենիքիս տված եմ»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված սիրիահայ գործարարը դեկտեմբերի 24-ին մասնակցել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ գործարար համայնքի հետ ունեցած հանդիպմանը:

Ջեմբերջյանն ասաց, որ իր համար այդ հանդիպմանը մասնակցելու հրավերը անակնկալ չի եղել․ «Ես անձամբ, և մեր հիմնադրամը աշխատած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրով, աշխատած ենք Քոչարյանի օրով, աշխատած ենք Սերժ Սարգսյանի օրով: Հիմա էլ կաշխատինք Նիկոլ Փաշինյանի օրով»:

Հանդիպման ընթացքում հնչած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարների արդեն ազատված են անօրինական պարտավորություններից։

Հարցին, թե նախկինում եղել են նման պարտավորություներ, Ջեմբերջյանը հստակեցրեց, թե «ամենը եղել է բանակի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը