Քաղաքական

28.12.2018 09:23


Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարճ քննարկում են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն մեխանզմներ, որպեսզի չկանոնակարգվածության պատճառով այսպիսի բանավեճեր տեղի չունենան»,-ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ նախկինում էլ ասել է, որ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները, և կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի զարգացում պետք է ունենա երկու երկրների ռամավարական հարաբերությունների ուղղությունը, բայց մեծ հաշվով այս քննարկումները մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, որովհետև այս 8 ամիսների ընթացքում այդ թեմային և՛ հրապարակային, և՛ աշխատանքային կարգով բազմիցս անդրադարձել ենք և, ըստ էության, ամփոփեցինեք 8 ամսվա արդյունքները: Ամփոփեցինք, թե ինչ ֆորմատներով պետք է տեղի ունենա երկու երկրների կառավարությունների համագործակցությունը»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման մթնոլորտը շատ դրական է եղել: «Երևի դուք տեսաք, որ մեր հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա դրան, որ ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ ՌԴ նախագահի հետ չեն հասցրել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը քննարկել: «Եվ դա միշտ է այդպես եղել, որովհետև իսկապես մեր հարաբերություններն ընդգրկուն են»,-շեշտեց Փաշինյանը:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնավազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,-ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Այս խորագրի վերջին նյութերը