Քաղաքական

28.12.2018 17:57


Ռուսական մամուլ․ Ռուսաստանն ու Հայաստանը չեն պայմանավորվել գազի գնի շուրջ

Ռուսական մամուլ․ Ռուսաստանն ու Հայաստանը չեն պայմանավորվել գազի գնի շուրջ

Ռուսական բոլոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են երեկ Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը մեծամասամբ «Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ» վերնագրի ներքո։

«Կոմերսանտ»-ը, մասնավորապես, գրում է, որ մոսկովյան այցից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան համաձայնության գալ գազի գնի շուրջ, նշելով, թե երեկվա բանակցություններում Պուտինն ու Փաշինյանը վերջնական որոշման չեն եկել։

«Կոմերսանտ»-ը նաև հիշում է, որ «Գազպրոմ»-ին ամբողջությամբ պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը Հայաստանում կասկածում են կոռուպցիոն սխեմաներ կիրառելու մեջ։

Գազի շուրջ բանակցություններից մանրամասներ չի հայտնել այսօր նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, միայն հայտարարել է, թե ռուս-հայկական էներգետիկ համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի, և որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչն ամբողջովին բավարարում է երկրի պահանջարկը։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով թեմային, գրում է, թե այսօր գազի գինը 150 դոլար է սահմանին, Երևանը հուսով էր, որ այն փոքր-ինչ կնվազի և կկազմի 140 դոլար կամ գոնե անփոփոխ կմնա: Մինչդեռ Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին հայկական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը տեղեկացրել է պաշտոնական Երևանին, որ «Գազպրոմ»-ը մտադիր է գազի գինը բարձրացնել մինչև 215 դոլար, գրում է «Էխո Մոսկվի»-ն՝ հավելելով, թե Հայաստանում սա կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի հետ։

«Հայաստանում գազի գնի շուրջ Մոսկվայի դիրքորոշումը կապում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի հետ։ Եթե Քոչարյանին ազատ թողնեն գրավի դիմաց, ռուսական գազի գինը կմնա նույնը»,-գրում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը