Լրահոս

13.03.2010 13:50


ՀՅԴ պատգամավորները հանդիպել են Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության հետ

Ազգային Ժողովի ՀՅ Դաշնակցության խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպեցին ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությանը առանձնապես հետաքրքրում էին ՀՅԴ խմբակցության տեսակետները' կապված ԼՂՀ հարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս կացության և հեռանկարների հետ: ՀՅԴ պատգամավորները վերահաստատելով հիմնահարցի խաղաղ կարգավորման ՀՅԴ տեսակետը հարկ համարեցին պատվիրակության և  միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ ԼՂ ժողովուրդը ազատ ապրելու իր իրավունքը ձեռք է բերել ԽՍՀՄ օրենքների սահմաններում ու կիրառմամբ, այն կարգով, ինչով որ առաջնորդվել են խորհրդային մյուս հանրապետություններն իրենց ինքիշխանությունը հռչակելիս: Մինչդեռ' արցախահայության հանրաքվեով հռչակված անկախությանը Ադրբեջանը պատասխանեց արյունալի պատերազմով: Հետևաբար' ԼՂՀ հարցի կարգավորումը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին և անհնար է բանակցություններում պատկերացնել ԼՂՀ կարգավիճակի որևէ հետընթաց: Այնուհետև' ՀՅԴ խմբակցության անդամները խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեցին, որ Թուրքական կողմը շարունակում է պայմաններ առաջ քաշել և պարտադրել դրանց կիրառումը: ՀՅԴ պատգամավորների տեսակետին համապատասխան. Դա իրավունք  է տալիս պնդելու, որ ստորագրված արձանագրությունները չեն կարող դառնալ հայ-թուրքական հարբերությունների նորմալացմանը նպաստող հիմք: Ներկա փուլում այդպիս հիմք կարող է լինել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից փաստացի սահմանի բացումը, ինչը որ' Թուրքիայի պարտավորությունն է ըստ միջազգային նորմերի:

ՀՅԴ խմբակցության անդամները պատվիրակությանը տեղեկացրեցին, որ ՀՅԴ-ն դարձավ ընդիմություն ոչ միայն ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության  հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այլև երկրի ներքին (սոցիալ-տնտեսական և ժողովրդավարության) անառողջ գործընթացները և անցանկալի զարգացումները ընդիմադիր դիրքերից կանխելու մտահոգություններից ելնելով:   

Այս խորագրի վերջին նյութերը