Լրահոս

15.03.2010 08:56


«Ալիք». «Ամերիկյան ֆուտբոլ»-ի եզրափակիչ փուլը՝ կրկին ապրիլին...

Մարտի 4-ին ԱՄՆ-ի կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի թիւ 252-րդ բանաձեւով Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը հաւանութիւն տալը, իսկ մարտի 11-ին Շւեդիայի խորհրդարանի (Ռիկստագ) լիագումար նիստում նման բանաձեւի ընդունումը երկուստեք ուղեկցւեց մի յատկանշական երեւոյթով, այն է՝ երկու դէպքում էլ քւէարկութիւնը աւարտւեց մէկ ձայնի գերակշռութեամբ (առաջինը՝ 23-22, իսկ 2-րդը՝ 131-130 յարաբերակցութեամբ):

Նման երեւոյթը, սակայն, լոկ պատահական բնութագրելը առնւազն ճիշտ չէր լինի: Այսպէս թէ այնպէս՝ քաղաքական ֆակտը կամ յաղթանակը փաստ է արդէն. նաեւ փաստ է այն, որ նմանօրինակ յարաբերակցութիւնը ուղղակի թէ անուղղակի՝ արդիւնքն է նաեւ «հայ-թուրքական» տխրահռչակ պրոտոկոլների առկայութեան: Այլապէս՝ նոյնիսկ դէմ քւէարկողները թէ՛ ԱՄՆ-ում, եւ թէ՛ Շւեդիայում չէին յայտարարի, որ. «Իրենք Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը դէմ չեն, այլ տւեալ բանաձեւի ընդունման պահով է, որ նման դիրքորոշման են գնում...»: Իսկ պարզ է թէ՝ ինչ ասել է այդ «պահ»-ը: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ նույն հայ-թուրքական հաշտության գործընթացը» որը դրսեւորւում է առգոյ պրոտոկոլների վավերացման կամ չվավերացման հանգամանքներով:

Թեպէտ քաղաքական վերոգրեալ ձեռքբերումը (թէկուզ մէկ քւէի տարբերութեամբ) արդիւնքն էր նաեւ տւեալ երկրների հայ համայնքների եւ մասնաւորապէս Հայ Դատի յանձնախմբերի հետեւողական քայլերի, որոնք մշտապէս ուղղւած են եղել տւեալ երկրների օրէնսդիր իշխանութիւնների եւ իրաւական համակարգի կողմից հայանպաստ դիրքորոշման ապահովմանը, բայցեւայնպէս՝ նոյն երկրների գործադիր իշխանութիւնները (այլ խօսքով՝ քաղաքական իշխանութիւնը) - բացառութիւնները զանց առած - համահունչ դիրքորոշումների չեն յանգել: Փաստացի օրինակները ակներեւ էին եւ են այսօր էլ, երբ ԱՄՆ-ն, ի դէմս իր նախագահի ու արտգործնախարարի, յայտարարեց, որ «Պէտք է խոչընդոտի բանաձեւի քննարկումը՝ Կոնգրեսի լիագումար նիստում»: Կամ՝ նոյնինքն Շւեդիայի վարչապետը, Ռիկստագում հայանպաստ բանաձեւի անցկացումից անմիջապէս յետոյ, այդ առթիւ իր տարակուսանքն ու ցաւն է յայտնել:

Սրանք, սակայն, առիթ են հանդիսանում նույն գործադիրների համար, որպէսզի ի հաճութիւն թուրքական շանտաժների, դիմեն նորանոր սակարկումների՝ յօգուտ տնտեսա-քաղաքական շահերի ու ի վնաս հայոց արդար պահանջատիրութեան:

Ահաւասիկ, այս շրջագծում պէտք է բնութագրել պրն. Օբամայի նոր նախաձեռնութիւնը, երբ կրկին ԱՊՐԻԼԻ կեսերին ՀՀ նախագահին Վաշինգտոնում «հյուրընկալելու» (ասւում է թէ՝ միւս հիւրն էլ Էրդողանն է լինելու) հրաւէր է ուղղել, ով գիտէ՝ թերեւս այս անգամ արդէն «ամերիկյան ֆուտբոլ» դիտելու մտադրութեամբ...

«Ալիք» օրաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը