Լրահոս

11.01.2019 15:56


915 գյուղական համայնքում ընդամենը 572 գրադարան է գործում

915 գյուղական համայնքում ընդամենը 572 գրադարան է գործում

Համայնքային գրադարանները աղետալի վիճակում են՝ փաստում են ոլորտի ներկայացուցիչները: Շատ համայնքերում 7-9 գյուղերի համար ընդամենը մեկ գրադարան է գործում: Գրադարանավարների հաստիքները կրճատվում են, գրքերի ֆոնդի ճակատագիրը անհայտ է մնում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են համայնքային գրադարանների խնդիրները, նախանշվել լուծումներ:

Համայնքային գրադարանները պետական հոգածության կարիք ունեն: Մշակութային հետեւողական իրականացվող ծրագիր է պետք, որի միջոցով գրադարանները կդադարեն գրապահոց լինելուց եւ կդառնան մշակութային օջախներ, ինչպես եւ եղել է նախկինում՝ վստահ են գրադարանային գործիչները:

«Խոսում ենք համայնքային գրադարնների աղետալի իրավիճակի մասին: Ասում ենք գրադարան չեն այցելում, ինչո՞ւ չեն այցելում: Եթե 25 -30 տարի գրադարանը ոչ թերթ է ստացել, ոչ գիրք է ստացել, ի՞նչ պետք է գտնի ընթերցողն այնտեղ: Չունենք գյուղական գրադարան, որը արտահայտի մշակութային իրավիճակը: Գրադարաններում 10 տոկոս հասարակական քաղաքական գրականություն կա, որ Սովետական Միությունից է ժառանգություն մնացել… Այսօր լույս տեսած գրականությունը գրադարան չի մտնում Ողբալի վիճակում է մանկական գրականության ֆոնդը, ոչ մի նոր բան չունենք առաջարկելու երեխաներին: Այն դեպքում, որ շատ լավ մանկական գրականություն է հրատարակվում հանրապետությունում»,-փաստում է Գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը:

915 գյուղական համայնքում այսօր՝ 572 գյուղական գրադարան է գործում: Միայն անցյալ տարի 58 համայնքային գրադարան է փակվել: 25 տարվա ընթացքում գրադարանների ֆոնդը նվազել է շուրջ չորս միլիոնով: Սա այն դեպքում, երբ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա գրադարան:

«Մարդիկ պետք է գյուղից գյուղ անցնեն մի գիրք վերցնելու համար: Սա այն դեպքում, երբ միջհամայնքային տրանսպորտը այնքան էլ լավ չի աշխատում: Ի՞նչ եք կարծում գյուղի բազմազբաղ մարդիկ պատրաստ կլինե՞ն դրան: Համայնքային մեկ գրադարան ունենալը չի նշանակում, որ պահպանված է համայնքի բնակչության ընթերցանության սահմանադրական իրավունքը: Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ գործ ունենք սահմանադրական իրավունքի խախտման հետ»,-նշում է մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

Համայնքային գրադարանների շուրջ այս թնջուկը ստեղծվեց 1997 թվականից, երբ ընդունվեց ՏԻՄ մասին օրենքը, որտեղ մեկ տողով նշված է միայն, որ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի մշակութային կյանքի համար: Պետական հոգածության դաշտից գրադարանները անցան սուբյեկտիվ դաշտ: Գյուղական գրադարանը կգործի, թե՝ ոչ կախված է համայնքապետի որոշումից:

«21-րդ դարը տեխնոլոգիական դար է , ավտոմատացման ծրագրերից են խոսում, իսկ Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ չկա: Գյուղական գրադարաններ կան, որ տարվա մեջ անգամ մեկ գրքով չեն համալրվում: Ելքային գրականությունը ավելի շատ է, քան՝ մուտքայինը: Մաշված գրականությունը դուրս է գալիս շրջանառությունից, նոր գրքեր չեն ստացվում: Նախկինում շատ լավ ֆոնդեր են ունեցել գրադարանները եւ այսօր մենք միայն դրա հաշվին ենք կարողանում շարունակել աշխատել: Բայց այդ գրքերը արդեն շատ հնամաշ են, ուզում ես դարակից հանել՝ մասնատվում է: Այս խնդիրների լուծման համար ֆինանսական ներդրումներ ու լուրջ մոտեցում է պահանջվում»,-նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանը:

Նա ընդգծում է՝ համայնքային գրադարանների համեմատ վարչական շրջանների գրադարանների վիճակը ավելի բարվոք, սակայն, այստեղ էլ խնդիրները քիչ չեն:

«Առաջնահերթ է նոր գրքային ֆոնդերի համալրման հարցը: Պետական աջակցություն չունենք, որ գրքերը ձեռք բերենք: Անգամ ընթերցողական քարտ ձեռք բերելու համար գումար չունենք: Դա է հիմնական պատճառը, որ ընթերցողներ ենք կորցնում… Տարաբնույթ, բազմապիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Անձնական ծանոթությամբ, ընթերցողների, գրողների միջոցով մի կերպ պահում ենք գրադարանը: Ի՞նչ անենք, թողնենք, որ եղած ֆոնդն էլ ոչնչանա»,-ավելացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրադարանային համալիրի տնօրեն Ծովինար Մելոյանը:

Խնդիրները շատ են, սակայն ունենք այն, ինչ ունենք՝ արձանագրում են գրադարանային գործիչները: Հայաստանում նոր իրողություն է եւ լուծումներ է պետք է փնտրել:

«Մենք պետք աշխատենք, որ ՏԻՄ օրենքում փոփոխությունը մտնի եւ գործի: Մինչեւ մենք չկասեցնենք գրադարանների փակվելը, մինչեւ դրանք չսկսեն նորմալ աշխատել, զարգացման մասին ոչինչ չենք կարող ասել: Առաջնահերթ պետք է ապահովել համայնքային գրադարանների պարտադիր գործունեությունը»,-նշում է Նազիկ Հովասափյանը ու ավելացնում՝ Մշակութային քաղաքականությունը ճիշտ ուղիով տանելու համար ՏԻՄ մասին օրենքի կետը փոփոխելու վերաբերյալ նախագիծն են պատրաստել եւ ուղարկել կառավարություն: Ըստ այդ նախագծի գրադարանային գործունեությունը համայնքներում պետք է դառնա պարտադիր:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:

«Համայնքապետը մեղավոր չէ, որ գրադարանը դրվել է իր իրավասության տակ: Նա կառավարում է այնպես, ինչպես կարողանում է ու ինչպես իրեն թույլ են տալիս: Երիտասարդն այսօր չգիտի ինչի համար է գրադարանը, նա չի գտնում այնտեղ այն, ինչ պետք է իրեն: Մեղավորը ոլորտի պատասխանատուներն են, որ չեն բարձրաձայնում խնդիրները, տեղ չեն հասցնում ասելիքը: Լուրջ քննարկումներ են անհրաժեշտ ու լուծումներ»,-ընդգծում է նա ու առաջարկում համայնաքային գրադարաններին վերաբերող քննարկումները դարձնել հաճախակի: Ծրագրեր մշակել, լուծումներ փնտրել ու ներկայացնել պատկան մարմիններին:

49798873_2198745413722906_4547521341623894016_n 50247477_507460353109896_6964150588401516544_n 49255481_248258179460770_1753101806507917312_n (1) 49304787_587358328399779_5044939637525577728_n (1) 49344304_2064664690279563_2594127334449610752_n (1) 49344719_2262971193991717_248868216359616512_n (1) 49735085_601439446933922_6330984091558608896_n (1) 49844891_243675409883139_5858698277825806336_n (1) 49946811_2487979714566744_8250750905691930624_n 49948451_1507197849412534_8922031393291108352_n (1) 50280486_497495050658075_8187305034615095296_n (1)

Այս խորագրի վերջին նյութերը