Լրահոս

11.01.2019 20:56


Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել

Այս տարի Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ մահացած կնոջ մոտ ախտորոշվել են նաեւ տարբեր խրոնիկ հիվանդություններ:

«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին անդրադառնալով՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:

Արտավազդ վանյանը նշեց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658: Պոլիկլինիկաներ են դիմել 1251 մարդ:

Վանյանը կոչ արեց խուճապ չտարածել։ «Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»,-ասաց Վանյանը:

РИА Новости-ն հայտնում է, որ հարևան Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը վերջին ամսվա ընթացքում հասել է 15-ի: Համաճարակի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը:

Մեկնաբանելով Վրաստանում խոզի գրիպից մահացության դեպքերը՝ Վանյանն ընդգծեց, որ հայ-վրացական սահմանը փակելու կարիք չկա, քանի որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում տարածված է գրիպի նույն տեսակը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը