Լրահոս

09.02.2011 17:42


ՀՀ ֆինանսների նախարար. «Օրենքը կիրառելի է բոլորի համար»

ՀՀ ֆինանսների նախարար. «Օրենքը կիրառելի է բոլորի համար»

Մինչև 2010թ. դեկտեմբերի 22-ը Հայաստանի սահմանը հատող Ջավախքի ազգաբնակչությանը պատկանող ավտոմեքենաների նկատմամբ ժամկետային սահմանափակումը չէր կիրառվում, և Ջավախք-Բավրա սահմանը հատելիս հայկական սահմանային մաքսակետերի կողմից նրանց նկատմամբ բեռնամաքսային հայտարարագրեր չէին լրացվում։

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է, թե 2010թ. դեկտեմբերի 22-ից սկսած՝ ջավախքցիներից պահանջում են լրացնել այդ հայտարարագիրը, և նրանց մեքենաների նկատմամբ կիրառում են Հայաստանում գտնվելու ժամկետային սահմանափակումը։ Դրա հետևանքով էլ Բավրայի մաքսակետում գոյանում են մի քանի ժամ տևողությամբ հերթեր, ինչպես նաև ջավախքցիների համար մի շարք խնդիրներ են առաջացել։ Շ. Թորոսյանը նաև բերել է Հայաստանում ջավախքցի ուսանողների օրինակը, ովքեր մեր երկիր են ժամանել ավտոմեքենայով, և այժմ ստիպված են 15 օրը մեկ հատել հայ-վրացական սահմանը։

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, թե օրենքը կիրառելի է բոլորի համար, և Վրաստանի քաղաքացիներին պատկանող բոլոր մեքենաները Հայաստան ժամանակավոր ներմուծման դեպքում պետք է բեռնամաքսային հայտարարարգրեր ունենան։

-Օրենքը սահմանափակում է մտցրել միայն այն մեքենաների նկատմամբ, որոնք Հայաստանի քաղաքացիներն են ներմուծում, և միայն այդտեղ է, որ ժամանակավոր ներմուծման 15-օրյա ժամկետ է սահմանված։ Ինչ վերաբերում է, որ կարող է 1-2 անհարթություններ լինեն, ապա Մաքսային կոմիտեն, Պետեկամուտների կոմիտեն կաշխատեն անհարթությունները վերացնել,-ասել է նախարարը՝ հավելելով,-ինչ վերաբերում է ուսանողներին, որոնք ասենք տարին մի քանի անգամ մեքենայով կտրում են սահմանը և որպես կանոն՝ այդ մեքենաները լինում են բավական թանկարժեք մեքենաներ, ապա այս բացառությունները որպես կանոն Մաքսային օրենսգրքով ծածկել հնարավոր չէ, և ենթադրաբար այդպիսիս ուսանողների քանակը, որոնք որպես կանոն արտասահմանյան ավելի թանկարժեք մեքենաներով երթևեկում են Սամցխե-Ջավախքից Հայաստան՝ ուսանելու, շատ քիչ են։

Շ. Թորոսյանն իր հերթին ընդգծել է, որ բարձրացված խնդիրը միայն ջավախքցի ուսանողներին չէ, որ վերաբերում է, իսկ Հայաստանի սահմանը հատող ջավախքցիների մեքենաներն էլ գերակշիռ մեծամասնությամբ էժանագին են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը