Լրահոս

15.03.2010 13:35


Ալեքսանդր Իսկանդարյան. «Համաձայն եմ, որ արձանագրությունների վավերացման գործընթացում այժմ ճգնաժամ է»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Համաձայն եմ, որ արձանագրությունների վավերացման գործընթացում այժմ ճգնաժամ է»

- Համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացում այժմ ճգնաժամ է,- «Հենարան» մամուլի ակումբում ասել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հասկանալով, որ քաղաքականության մեջ կարող են բավական անսպասելի բաներ տեղի ունենալ, Ալ. Իսկանդարյանը, այնուամենայնիվ, որոշակի հավանականություն տեսնում է, որ արձանագրությունները մոտ ամիսներին կվավերացվեն, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է համարում։

Նա նշել է նաև, որ վերջերս եղել է Թուրքիայում, և այն թուրքերը, ում հետ ինքը հանդիպել է, նշում էին, թե գործընթացը մահացել է։ Նրանք նկատի են ունեցել, որ գործընթացը մահացել է ոչ թե ընդհանրապես, այլ մինչև ապրիլի 24-ը։

-Միաժամանակ Թուրքիայի վրա գործադրվող արտաքին ճնշումը բավական լուրջ է, նրանց փորձում են ինչ-որ ձևով ստիպել վավերացնել արձանագրությունները, սակայն իրական գործիքները, որոնցով կարելի է ճնշել Թուրքիային, շատ չեն, և իմ կարծիքով՝ այդ ճնշումը չի բավականացնի, որպեսզի թուրքերն անձնատուր լինեն,- նշել է նա։

Նրա կարծիքով պաշտոնական մակարդակով գործընթացը չի կասեցվի, սակայն քաղաքական առումով, քանի դեռ արձանագրությունները վավերացված չեն, դրանք ուժ չունեն. «Բնական է, որ թուրքերը մեղքը գցելու են հայերի վրա, հայերը՝ թուրքերի։ Հետևաբար  «լավ տղաներ» մնալու համար պաշտոնապես գործընթացից դուրս գալ պետք չէ։ Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի։ Իսկ ընդհանուր առմամբ գործընթացը չի կանգնի, նման գործընթացները հավերժ չեն կանգնում, դրա վերսկսումը հավանական է կես տարուց, մեկ տարուց, հավերժ փակ սահմաններ չեն լինում։ Հինգ, տասը կամ հարյուր տարի հետո այդ սահմանը բացվելու է։ Ուղղակի հարաբերությունները կգան մինչև ֆուտբոլային դիվանագիտությունը գոյություն ունեցող վիճակին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը