Էջմիածնեցիները բողոք ակցիա են անում օդանավակայանի ճանապարհին
Էջմիածնեցիները այսօր՝ հունվարի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։
«Մտադիր ենք ճանապարհը փակել եւ պահանջել, որ կալանավորվի Մանվել Գրիգորյանը, նաեւ պահանջում ենք նրան զրկել գեներալի կոչումից։ Մենք ոչ մեկի հետ հանդիպում չենք ուզում, ցանկանում ենք միայն մեր պահանջները իրականացվեն»,– ասաց ակտիվիստը։
Նշենք, որ այս պահին ակցիան հսկող ոստիկանների թիվն ավելի շատ է բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների թվից։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: