Քաղաքական

14.01.2019 16:25


Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել (տեսանյութ)

Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք նաև, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել` հիմք ընդունելով նախագահող դատավորի և իմ միջև առկա ընկերական կապը, այդ թվում` նախագահող դատավորի որդու հետ բավականին երկար ժամանակ Կապանում ընկերական շփումներ ենք ունեցել և համատեղ մասնացել ենք տարբեր միջոցառումների: Նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ մենք նույնպես ունենք շատ մոտ ընկերական հարաբերություններ: Բացի դրանից, նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են»,-ասաց Օրբելյանը` հավելելով, որ Կապանը փոքր քաղաք է և այդ կապերը տրամաբանական են:

Պաշտպանական կողմը, կասկածի տակ չդնելով դատավորի օբյեկտիվության էլեմենտը, միևնույն ժամանակ կարծում է, որ որոշ մարդկանց մոտ հետագայում կառաջացնի կանխամտածված վերաբերմունք դատավորի նկատմամբ:

«Եթե միջնորդությունը բավարարվեր, եթե գրավը կիրառվեր, դա քննարկման առիթ էր դառնալու և ՀՔԾ կարող էր ևս մեկ անգամ ասել, որ որոշումը ապօրինի է. այդ պատճառով ներկայացվել են նշված փաստերը և դատարանին հայտնել ենք ինքնաբացարկ»,-ասաց Օրբելյանը:

Օրբելյանը նշեց, որ դատական նիստի ժամի մասին կտեղեկացվի հաղորդագրության միջոցով:

Մեղադրանքի կողմը առարկել է միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:

Այս խորագրի վերջին նյութերը