Լրահոս

15.03.2010 14:44


Հ. Մարգարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը լավ գործընկերներ են

Մեկնաբանելով մարտի 13-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի որոշումը՝ ՕԵԿ քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին ետ կանչելու մասին՝ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասել է, որ Մհեր Շահգելդյանը շարունակում է մնալ կուսակցության փոխնախագահ, քաղխորհրդի որոշումն էլ պայմանավորված էր նրանով, որ ընտրությունից ընտրություն ՕԵԿ-ն ընտրողներին է ներկայացնում իր ծրագրերը, իսկ դրանց համակարգելու և ներկուսակցական խնդիրներով զբաղվելու համար անհրաժեշտ են փորձառու քաղաքական գործիչներ.

-Ինչ վերաբերում է իրենց աշխատանքին, մենք բարձր ենք գնահատում։ Ես սա ասում եմ հպարտությամբ, ոչ թե գլուխս կախ, որ երկուստեք պրոֆեսիոնալներ են եղել: Ինչ վերաբերում է այն թեկնածուներին, որոնք առաջարկեց մեր քաղաքական խորհուրդը, բոլորը նրանց ճանաչում են: Բոլորը գիտեն, թե ինչ չափի պրոֆեսիոնալներ են թե՛ Մանուկ Վարդանյանը, թե՛ Արմեն Երիցյանը:

«Վերջերս ՀՀ վարչապետը որոշ նախարարությունների  և նախարարների նկատողություններ է  անում, արդյոք այս ազատումները կապվա՞ծ են դրա հետ» հարցին էլ Հ. Հովհաննիսյանը պատասխանել է՝ ո՛չ, սա աշխատանքային ընթացակարգ է։ Նա նաև հավելել է.

-Մեր և մեր կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ միշտ գործընկերային լավ մթնոլորտ է ձևավորված։ Աշխատում ենք։ Ավելին՝ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Արթուր Բաղդասարյանն իրենց փոխգործակցության հուշագրին հոգեհարազատ են, նույնպես լավ գործընկերներ են և միտված են մեր կոալիցիոն ծրագրերը կյանքի կոչելուն:

Ինչ վերաբերում է կոալիցիայից դուրս գալու մասին լուրերին, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ դրանք հերթական ստահոդ տեղեկություններ են։

-Նման բան չկա,- վստահեցրել է Հ. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը