Լրահոս

15.03.2010 15:34


ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքերն անլուրջ են վերաբերվում իրենց իսկ ստորագրած արձանագրություններին»

ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքերն անլուրջ են վերաբերվում իրենց իսկ ստորագրած արձանագրություններին»

ՀՀ Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ հայկական կողմը թուրքական կողմից ապտակներ է ստանում, սակայն գործադիր իշխանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում և նույնիսկ «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքում փոփոխություն ընդունելուց հետո չի կասեցնում գործընթացը և հետ չի կանչում արձանագրությունները.

-Արդյոք դուք՝ որպես ԱԺ նախագահ, և ԱԺ մեծամասնությունը չե՞ք ցանկանում այնպիսի քայլեր ձեռնարկել, որ գործադիրը հնարավորինս շուտ հետ վերցնի խորհրդարանից,- հարցրել է Ա. Մարտիրոսյանը։

-Ինչ վերաբերում է ապտակներին, ես համամիտ չեմ։ Դատարկ խոսակցություններն ապտակներ չեն։ Եթե Թուրքիայի իշխանությունն արձանագրություն է ստորագրում առանց նախապայմանի և այնուհետև չի վավերացնում կամ սկսում է այդ արձանագրությունների ստորագրմանը հակառակ հայտարարություն անել, ես դրան լուրջ չեմ վերաբերվում և լուրջ չեմ համարում նման իշխանություններին, այնպես որ տեղին չէ նշել, որ մեզ ապտակում են։ Ուղղակի ես գտնում եմ, որ նրանք անլուրջ են վերաբերվում իրենց իսկ ստորագրած արձանագրություններին։ Ինչ վերաբերում է գործադիր իշխանություններին տված մեր լիազորություններին, կարծում եմ՝ դեռ մեկ շաբաթ է, որ գործադիրին տվել ենք այդ հնարավորությունը, որ իր ցանկությամբ հետ վերցնի արձանագրությունները։ Իմ կարծիքով արտաքին քաղաքականության համար պատասխանատու են երկրի նախագահը և ԱԳՆ-ն, և դա իրենց իսկ որոշելու խնդիրն է։ Մենք այդ լիազորությունը տվել ենք նրանց։ Կփորձե՞ն իրենք դա իրացնել, թե ոչ՝ իրենց գործն է։ Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, մենք բազմիցս մեր կոալիցիոն գործընկերների հետ քննարկել ենք և մեր որոշումներին տեր ենք։ Մեր առաջարկությունն է եղել, որ մենք այդ արձանագրությունները քննարկենք ԱԺ-ում այն ժամանակ, երբ Թուրքիայի կողմից դա կվավերացվի,- պատասխանել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը