Աշխարհ

15.03.2010 16:38


Սերգեյ Կապինոսի դիտարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

Սերգեյ Կապինոսի դիտարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, խոսելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հնարավորության մասին, ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կա բանակցությունների հայտնի ձևաչափ, և հիմնախնդրի լուծման բանակցությունները պետք է շարունակվեն հենց այդ ձևաչափով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, մեկնաբանելով  սա, ասել է, թե ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն այն մարմինը չէ, որն զբաղվում է ղարաբաղյան հակամարտությամբ։

-Այս խնդրով զբաղվում է Մինսկի խումբը և ԵԱՀԿ գործող նախագահ Կասպրչիկը, և նրանք են, որ կարող են և պետք է պատասխանեն ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին։ Ես՝ որպես կողքից դիտող, կարող եմ ասել, որ ավելի վաղ շրջանում հակամարտության կարգավորման կողմ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղը, և հրադադարի ռեժիմի կնքման ժամանակ ստորագրել է ԼՂ-ի ներկայացուցիչը, և դա քառակողմ փաստաթուղթ էր։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչը երևի նկատի է ունեցել այն, որ երբ Հայաստանի նախագահ դարձավ ԼՂ-ի ղեկավարը, նա կարծես թե մի դեմքով ներկայացրեց և՛ Հայաստանի, և՛ ԼՂ-ի շահերը, և ձևաչափը դարձավ եռակողմ,-նշել է Կապինոսը։

Ըստ Սերգեյ Կապինոսի՝ սակայն, նույնիսկ այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելում է Արցախ և հաշվի է առնում նրանց դիրքորոշումը։

-Իմ կարծիքով հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջնական համաձայնության գալ առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության երբեք հնարավոր չէ։ Ինչպե՞ս կարելի է առանց ԼՂ-ի որոշում կայացնել։ Այսպես թե այնպես մի ինչ-որ պահի ձևաչափը կփոխվի։ Երևի այդ է նկատի ունեցել պարոն Լենմարկերը, իսկ ավելի ստույգ՝ իրենից կարելի է ստանալ այդ հարցերի պատասխանը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մինսկի խումբը հաշվի առնելո՞ւ է ԼՂՀ  նախագահի այն առաջարկությունը, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար պետք է հենվել իրավական փաթեթի վրա, ասել է, թե այդ հարցը հեշտ չէ։

-Ես ծանոթ եմ հայկական կողմի հիմնավորումներին և գիտեմ հակամարտության ծագումնաբանությունը։ Իսկապես ներկայացվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի լուծել՝ վերլուծելով իրավաբանական հասկացությունները, բայց դրա համար պետք է դիմել դատական մարմիններին,-նշել է նա։

Ըստ դեսպանի՝ սակայն, ԵԱՀԿ-ում հաշտարար դատարան կարող են մտնել միայն անդամ երկրների դատական գործերը, իսկ Ադրբեջանն այդ դատարանի անդամ չէ։

-Հնարավոր է այս խնդիրն իրավաբանական տեսանկյունից դիտարկել ոչ ԵԱՀԿ-ում, այլ միջազգային դատարանում, օրինակ՝ Կոպենհագենում, բայց  ոչ մի հայտարարություն դեռ չի արվել, և հնարավոր է այն պատճառով, որ չնայած Հայաստանի՝ իրավաբանական ճշմարտացիության առումով այսպիսի վստահությանը, այնուամենայնիվ, վտանգավոր է բացարձակապես հենվել հաշտարարի որոշման վրա, որովհետև 100 %-անոց ոչինչ չի լինում։ Դրա համար ավելի լավ է առաջնորդվել Հիպոկրատի սկզբունքով՝ մի՛ վնասիր, և օգտագործել կարգավորման հին միջոցները, ինչը և անում է Մինսկի խումբը։

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն՝ Սերգեյ Կապինոսը նշել է, որ դա քիչ հավանական է։

-Ամենավտանգավորը ներկայիս ձևաչափը կոտրելն է։ Դա անկանխատեսելի շրջադարձ կարող է լինել։ Մինսկի խումբը բավական օբյեկտիվ է գործում, և այնտեղ ներկայացված են միաջազգային դաշտում երեք հիմնական խաղացողներ՝ Ռուսաստանը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, և ԱՄՆ-ն։ Սրանք այն պետություններն են, որոնք ունեն իրենց շահերը տարածաշրջանում և անմասն չեն այն խնդիրներից, որոնք կան,-նշել  է նա։

Դեսպանն առաջարկել է շատ հոգատարությամբ վերաբերվել Մինսկի խմբին և այն ամենին, ինչը ձեռք է բերվել։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կանխելու համար ԵԱՀԿ-ն պատժամիջոցներ կիրառի՝ նա պատասխանել է, թե ԵԱՀԿ-ն որոշումներն ընդունում է փոխհամաձայնության մթնոլորտում, և եթե անգամ մի անդամ-պետություն դեմ լինի, ապա որոշում չի ընդունվի։

-Բացի այդ, ԵԱՀԿ-ի բոլոր որոշումները ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթի են, այդ պատճառով էլ ինչ-որ պատժամիջոցների մասին խոսելն ուղղակի անիրատեսական  է՝ ում դեմ ուզում է՝ լինի, և դա մեթոդ չէ։ Դա ծայրահեղ միջոց է։ ԵԱՀԿ գործիքներն են բանակցությունները, հիմնավորումներն ազդեցություն գործընթացի վրա, այսինքն՝ դիվանագիտական գործիքների մի ամբողջ շրջանակ,-ասել է Սերգեյ Կապինոսը։

Նրա խոսքերով՝ պատերազմում ողբերգությունն ու տանջանքը երկկողմանի են լինում, և եթե քննարկվում են մի կողմի խնդիրները, ապա հայելային արտացոլմամբ դրանք վերաբերում են նաև մյուս կողմին։

-Ամեն ինչ համալիր ձևով քննարկվում է, և հնարավոր  է՝ դրա համար է կարգավորումն այսքան երկար ձգվում, որովհետև հարցերը շատ են և երկկողմանի։

Հեղինե Հարությունյան

 

Այս խորագրի վերջին նյութերը