Լրահոս

17.01.2019 13:12


Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը Հայաստանում ավելացել է

Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը Հայաստանում ավելացել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն և իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերը ձեռք է բերել ռիսկի խմբերի համար, որոնք են հղի կանայք, երեխաները, առողջական խնդիրներ ունեցող անձինք, տարեցները, բուժաշխատողները և այլք»,-ասաց նա:

Խոսելով սուր շնչառական վարակների մասին` Սահակյանն ընդգծեց, որ դրանք բազմաթիվ են, բայց պատվաստանյութը պաշտպանում է գրիպի ենթատեսակներից, որոնք կարող են ճակատագրական լինել և անբարեհաջող ելք ունենալ:

Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին, որը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի, Սահակյանը հիշեցրեց, որ այն բուժական միջոց է, որը տրամադրվում է այն մարդկանց, որոնք արդեն հիվանդ են, հոսպիտալացվել են, և անհրաժեշտ է թեթևացնել նրանց վիճակը:

««Տամիֆլյուն» տրամադրվել է բոլոր ստացիոնար կլինիկաներին, որպեսզի հարկ եղած դեպքում կազմակերպվի հիվանդների բուժական միջամտությունը: Շեշտեմ, որ այն կանխարգելիչ նպատակով չի բաշխվում, անվճար տրվում է ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներին, իսկ ռիսկի խմբերը, որոնց մասին խոսեցի, պատվաստվում են գրիպի դեմ»,-եզրափակեց Գայանե Սահակյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱՆ–ն տեղեկացրել էր, որ Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել: Հայաստանում մահացած երկու անձի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Այս խորագրի վերջին նյութերը