Քաղաքական

19.01.2019 10:45


Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել. Hetq.am

Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել. Hetq.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգեւատրումներ է տվել: Այս մասին հաղորդում է «Հետք»-ը:

Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգեւատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգեւատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

Այդ կարգադրությամբ պարգեւավճարներ են ստացել հետեւյալ անձինք.

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի օգնական Գեւորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լեւոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ

Պարգեւատրվել են նաեւ վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գեւորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը եւ Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը եւ ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը եւ Լարիսա Մադոյանը նշանակվել են 2018թ. հունիս ամսին եւ մինչեւ պարգեւատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական եւ Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգեւատրվածների ցանկում է նաեւ ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչեւ 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս:

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից «Հետքը» հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարզպետը պարգեւատրել է ընդամենը մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներին: Լուսինե Մանուկյանը ի պատասխան` գրավոր պատասխան ուղարկեց, որում ասված է, որ մարզպետարանի մյուս աշխատակիցները եւս պարգեւատրվել են, ուղղակի մյուսները պարգեւատրվել են մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

«Ցանկանում ենք փաստել, որ այս երկու իրավական ակտերով դեկտեմբերի 17-ին պարգեւատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար եւ գլխավոր մասնագետները պարգեւատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով: Այս կոնտեքստում հաշվի չի առնվել աշխատակիցների պաշտոնավարման տեւողությունը, քանի որ այս ցանկում բացառություններ լինել չէին կարող, իսկ որակյալ աշխատանք կարելի է իրականացնել նաեւ պաշտոնավարման ամենակարճ ընթացքում»,- ասված է Լուսինե Մանուկյանի պատասխանում:

Ծանոթանալով գլխավոր քարտուղարի հրամանին՝ թերթը պարզել է, որ այն Կոտայքի մարզպետարանի կայք է բեռնվել 2019 թվականի հունվարի 18-ին` ժամը 12:09-ին: Այսինքն` մարզպետարան դիմելուց մոտ 30 րոպե հետո: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի կարգադրությունը կասկած հարուցեց, քանի որ պարգեւատրման որոշումը թվագրված է 2018թ. դեկտեմբերի 17-ով, բայց այն ստեղծվել է այսօր:

Այս խորագրի վերջին նյութերը