Լրահոս

16.03.2010 11:02


Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցն ԱՄՆ

Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցն ԱՄՆ

Թուրքիայի վարչապետ Էրդողանը չեղյալ է հայտարարել ապրիլի 13-14 նախանշված այցն ԱՄՆ։ Մեծ Բրիտանիա այցելությունից առաջ օդանավակայանում նա լրագրողներին հաղորդել է, որ նախարարների կաբինետը որոշել է չեղյալ հայտարարել իր այցն ԱՄՆ և այնտեղ գործուղել կառավարության մեկ այլ ներկայացուցչի։

«Մենք պաշտոնական այց ԱՄՆ նախապես չէինք ծրագրել։ Վաշինգտոնում կայանալիք միջուկային էներգետիկային նվիրված միջազգային մի վեհաժողովի մասնակցելու հրավեր է ստացվել։ Մեր գործընկերներից որևէ մեկն այնտեղ կներկայացնի Թուրքիան։ Թե ո՞վ, ես առայժմ չգիտեմ»,-ասել է վարչապետը։

Իր հերթին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է.

«Մենք ցույց տվեցինք, որ մեր դիրքորոշումն այսրոպեական չէ, այն նպատակաուղղված է, և մենք ակնկալում ենք, որ հակառակ կողմը հաշվի կառնի մեր դիրքորոշումը»։

Թուրք ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության պատվիրակությունը նույնպես չեղյալ է հայտարարել հաջորդ շաբաթ նախանշված այցը Վաշինգտոն։ Բացի այդ, հետաձգվել է Առևտրաարդյունաբերական պալատի և բիրժայի միության վաշինգտոնյան գրասենյակի բացման արարողությունը, որին պետք է մասնակցեր նաև Էրդողանը։   

Նշենք նաև, որ միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային վեհաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից հրավիրվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը