Լրահոս

22.01.2019 14:05


Որակյալ ատամնաբուժական ծառայությունը չի կարող շատ էժան լինել

Որակյալ ատամնաբուժական ծառայությունը չի կարող շատ էժան լինել

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ

Լազար Եսայանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Առողջապահական ոլորտում խնդիրները շատ են: Որպես Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ՝ նախ ուզում եմ անդրադառնալ ստոմատոլոգիայի ճյուղում առկա խնդիրներին: Դրանց մասին մեր ասոցիացիան բազմիցս բարձրաձայնել է, սակայն լիարժեք փոփոխությոնների դեռ չենք հասել:

Ամեն քայլափոխի այսօր ատամնաբուժարան ենք տեսնում, ամեն շքամուտքում ատամնաբուժարան կա: Դրանց մեծ մասը ուղղակի ապականում են ոլորտի հեղինակությունը: Բացի Բժշկական համալսարանից մասնագետների պատրաստմամբ զբաղված են 7-9 մասնավոր ԲՈՒՀ-եր, որոնք ուղղակի քանակ են ապահովում շուկայում եւ՝ ոչ որակ: Տարեկան 500-600 ատամնաբույժներ են ավարտում, որը Հայաստանի Հանրապետության համար բավականին մեծ թիվ է:

Խոսելով գնային քաղաքականության մասին. Հաճախ հայտարարություններ ենք լսում, որտեղ ատամնաբուժական ծառայությունների այնպիսի գնային առաջարկներ են հնչում, որ անհնար է պատկերացնել: Ինքնարժեքից ցածր գին է դրված ծառայության վրա: Դա ինչպե՞ս է հնարավոր: Մարդիկ էլ միայն գնին են ուշադրություն դարձնում, այլ բան իրենց չի հետաքրքրում: Բայց մի քանի ամիս անց սկսվում են խնդիրները՝ նոր դրված շապիկն է ընկնում, ատամն է փչանում եւ այլն, եւ այլն: Այնպիսի միջամտություններ ու մանիպուլյացիաներ են արվում, որ ուղղակի անթույլատրելի է բժշկի համար: Ի՞նչ է նշանակում 15 հազար դրամով մետաղկերամիկական պսակ պատրաստել կամ՝ երեք հազար դրամով ատամնալիցք անել…Դա ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ՝ պետք է սահմանափակումներ դնել լիցենզիաներ տրամադրելիս, ամեն կլինիկայի լիցենզիա չտրամադրել, որ դաշտը առողջանա: Միջազգային ստանդարտներով յուրաքանչյուր տասը հազար բնակչի համար 4.5-5 ստոմատոլոգ է անհրաժեշտ: Հայաստանում այսօր այդ թիվը հասնում է մինչեւ 20 ստոմատոլոգի՝ տասը հազար մարդու համար: Այս պարագայում վերահսկողություն իրականացնելը շատ դժվար է:

Ասում ենք ստոմատոլոգները շատ են, բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ գյուղական վայրերում, սահմանամերձ համայնքերում ատամնաբույժների կարիքը մեծ է: Մասնագետները կենտրոնացած են մեծ քաղաքներում: Քանակի փոխարեն մենք պետք է ուշադություն դարձնենք որակը բարձրացնելու վրա: Ստոմատոլոգների ասոցիացիան դրա համար տարբեր սեմինարներ, միջոցառումներ է կազմակերպում: Յուրաքանչյուր ամիս մարզերում դասախոսություններ ենք կազմակերպում, բայց դա բավական չէ: Պետք է լիարժեք հսկողություն լինի որակի հետ կապված եւ շուկայական գները պետք է կանոնակարգվեն:

Ոլորտի խնդիրների մասին խոսելիս պետք է ընդգծել նաեւ հարկային դաշտում ոչ օբյեկտիվ մոտեցումը ստոմատոլագների նկատմամբ: Արտոնագրային վճարը վերաբերում է առողջապահության միայն ստոմատոլագիական ճյուղին: Կարծես թե ամեն ինչ լավ է, վճարում ես որոշակի գումար եւ հարկային մարմինների հետ գործ չես ունենում: Բայց դրա արդյունքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ ուսումնական պրոցեսում, մանկական ատամնաբուժության եւ շատ այլ հարցերում: Այսօր մենք ունենք մանկական ատամնաբուժական կենտրոններ, որոնց բազկաթոռների կեսը սպասարկում է մեծահասակներին, որովհետեւ այլ կերպ ծախսերը փակել հնարավոր չի լինի: Դեռեւս մի քանի տարի առաջ ԱՆ տնտեսագետների հաշվարկով, որպեսզի վճարվի այդ 80 հազար դրամը եւ կլինիկան վնասով չաշխատի, մեկ բազկաթոռը պետք է ունենար մեկ միլիոն չորս հարյուր հարզար դրամից ավելի շրջանառություն: Կլինիկաների մեծ մասը այդ շրջանառությունը չունի եւ չի կարող ունենալ…Մենք մշտապես հավասար դաշտի կողմնակից ենք եղել: Հարկային դաշտը պետք է լինի միայն շրջանառության հարկի տարբերակով: Այն կլինիկաները, որոնք բարձր շրջանառություն ունեն, պետք է ավելի շատ վճարեն, քան՝ ցածր շրջանառություն ունեցող կլինիկաները: Ազնիվ չէ, որ տասը միլիոն դրամ եւ չորս հարյուր հազար շրջանառություն ունեցող կլինիկաները նույն 80 հազար դրամը վճարեն:

Խոսելով բժիշկների որակավորման մասին. Ֆրանսիայում, օրինակ, մի համակարգ է աշխատում, ըստ որի, բժիշկների աշխատավարձը հաշվում են՝ ըստ կատարած վիրահատությունների քանակի: Հայաստանում այդ համակարգը չի աշխատի, որովհետեւ կան մասնագետներ, որոնք էժան են անում տվյալ միջամտությունը՝ որակի հաշվին, բայց տարվա ընթացքում հենց նրանք լիցենզիա կստանան, որովհետեւ շատ գործ են արել: Սովետական տարիներից մինչեւ 2001 թվականը Հայաստանում գործում էր բժշկի որակավորման ինստիտուտը: Կային առաջին, երկրորդ կարգի բժիշկներ, բարձր կարգի բժիշկներ…Որակավորում ստանալու համար գոնե յուրաքանաչյուր հինգ տարին մեկ բժիշկները նոր գիտելիքներ էին ձեռք բերում: Այսօր բժիշկները չեն կարդում, մարդիկ, որոնք ավարտել են 20 տարի առաջ, ոչ մի նոր բան չեն սովորել, իսկ աշխարհում բժշկությունը ամեն օր է զարգանում: Ստոմատոլագիան տասը տարվա ընթացքում 100 անգամ է զարգացել: Կարծում եմ՝ որակավորման համար տարբեր մեխանիզմներ պետք է ստեղծել, որ հասկանանք, թե ո՞ւր ենք գնում: Որակավորման գործընթացը, ըստ իս, պետք է իրականացնի ազատ, անկաշկանդ կառույց: Դա կարող են իրականացնել նաեւ մասնագիտական ասոցիացիաները, որոնք որեւէ կախվածություն չունեն այս կամ այն կառույցից:

Նախարարությունում մի քանի տարի առաջ քննարկվում էր, թե պետպատվերը ո՞ւմ պետք է տրամադրվի: Ես առաջարկեցի ընտրության հնարավորությունը տալ պացիենտին: Միայն այդ դեպքում կարելի կլիներ մտածել որակի բարձրացման մասին: Եթե հիվանդը ուղղորդված գնում է որոշակի կլինիկա, որակի մասին խոսելը ավելորդ է:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը