Լրահոս

16.03.2010 17:40


ՀՀԿ պատգամավոր. «Իհարկե, մեզ այսօր թվում է, որ թուրքական կողմը չի վավերացնելու...»

ՀՀԿ պատգամավոր. «Իհարկե, մեզ այսօր թվում է, որ թուրքական կողմը չի վավերացնելու...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է, թե հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձաժողովի և Շվեդիայի խորհրդարանի որոշումները՝ պետք է ապացուցված համարել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի դադարել՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ։

-Իհարկե, մեզ այսօր թվում է, որ թուրքական կողմը չի վավերացնելու, բայց աշխարհում գործընթացներն այնպես են գնում, որ Հայաստանից և Թուրքիայից բացի այստեղ կան նաև այլ երկրների շահեր, որոնք շահագրգռված են այս տարածաշրջանում ունենալ խաղաղ, կայացած հարաբերություններ, որպեսզի տնտեսական և զարգացման այլ գործընթացներին չխանգարեն,-նշել է նա։

Իսկ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանն էլ ասել է, թե հայ-թուրքական գործընթացն ամբողջապես տապալվել է, և որ Թուրքիան այսօր ավելի թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, քան հայ-թուրքական հաշտեցման գործընթացն սկսելուց առաջ։

Մկրտիչ Մինասյանը, սակայն, պնդել է, որ Թուրքիան հաշտեցման գործընթացն սկսելուց առաջ էլ ջերմ հարաբերություններ չուներ Հայաստանի հետ, որ հիմա էլ դրանք թշնամական դառնան։ Ավելին, նրա կարծիքով, շնորհիվ այս գործընթացի, համաշխարհային ճանաչման հեռուստաալիքները եթեր հեռարձակեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութեր, և Թուրքիայի հասարակությունն ու միջազգային հանրությունը տեղեկացան Հայոց ցեղասպանության մասին։ Իսկ վավերացման համար որպես ողջամիտ ժամկետ նա նշել է ապրիլը, որից հետո ստորագրությունները հնարավոր կլինի հետ կանչել և դուրս գալ գործընթացից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը