Լրահոս

16.03.2010 18:21


Եղանակն ավերածություններ է արել Շիրակի մարզում

Եղանակն ավերածություններ է արել Շիրակի մարզում

Երեկ երեկոյան Շիրակի մարզի 5 համայնքներ տարբեր չափերի վնասներ են կրել ուժեղ քամու և հեղեղումների պատճառով: Առափի համայնքում հեղեղվել է գյուղի մեծ մասը, վնասվել են գյուղացիների տնամերձ հողատարածքները։ Շատերը հեղեղված գոմերից անասուններին տեղափոխել են առավել անվտանգ վայրեր: Արևիկ համայնքում քամին ավերել է 30 տների տանիքներ:

«Ներկա պահին, ընդհանուր դիտարկմամբ, Շիրակի մարզում ուժեղ քամու և հեղեղումների  հետևանքով տուժել են Ղարիբջանյան, Ախուրիկ, Գետք, Առափի և Արևիկ համայնքները: Գյուղատնտեսական նշանակության հիմնական հողերը (յուրաքանչյուր համայնքում մոտ 50-100 հա հողատարածք) ջրածածկ են եղել, կան նաև ենթակառուցվածքների վնասներ: Սակայն դեռևս վնասների չափերի մասին ոչինչ չեմ կարող ասել. հետագայում մարզային հանձնաժողովը կուսումնասիրի և կգնահատի ընդհանուր վնասը»,- «7օր»-ին տեղեկացրել է ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Քամին կտուրներ է տարել, աղյուսներ ջարդել, գետի վարարման հետևանքով երեք կամուրջ է ավերվել՝ մեկն ավտոմեքենայի, մյուսները՝ հետիոտնի: Ահավոր վիճակ է»,- ասում է Առափիի բնակիչ Հովհաննես Մելիքյանը:

Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը տեղեկացրել է նաև, որ էլեկտրականության մալուխների վնասման հետևանքով գյուղը երեկ ժամը 11:30-ից մինչև օրվա կեսը հոսանքազրկված է եղել:

«Բայց մեր համայնքին ավելի շատ վնաս պատճառել է գետը, որը երեկվա հորդառատ անձրևների և ձնհալի հետևանքով վարարել է, դուրս եկել ափերից, ավերել 3 կամուրջ, ջուրը լցվել է տնամերձ տարածքներ: Քշել-տարել է նաև գյուղի մի թաղամասը սնուցող ջրագիծը»,- «7օր»-ին ասել է համայնքապետ Ալբերտ Այվազյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը