Լրահոս

25.01.2019 17:35


Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել

Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել

Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստվելու հնարավորություն են ստացել նաև դրա տարիքային շեմն անցած անձինք։

«Մեզ մոտ կարմրուկի առումով իրավիճակը շատ ավելի բարենպաստ է: Այս տարի դեպքեր չունենք: Անցյալ տարի դեկտեմբերի վերջին Մոսկվայից Երևան բերովի մեկ դեպք էր գրանցվել: Եվ այդ մեկ դեպքով սահմանափակվեց: Համապարփակ միջոցառումներ ձեռնարկվեցին կարմրուկով հիվանդ մարդու հետ շփում ունեցած բոլոր անձանց հայտնաբերման ուղղությամբ: Գաղտնի շրջանն արդեն ավարտվել է: Եվ մենք այս պահի դրությամբ հաստատված լաբորատոր դեպք չունենք»,- ասաց Սահակյանն ու չբացառեց, որ հնարավոր է Վրաստանից բերովի դեպքեր լինեն:

Հարցին, թե բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով նախարարությունն ինչ է պատրաստվում անել, Սահակյանն ասաց, որ արդեն ձեռնարկել են որոշակի քայլեր:

«Երբ Վրաստանի առողջապահության նախարարության կողմից հայտարարվեց, որ իրենց մոտ անպարենպաստ համաճարակային ֆոն է, ՀՀ առողջապահության նախարարությունն անմիջապես արձագանքեց: Եվ այս պահին բոլոր բուժհաստատություններին հրահանգված է, որ ցուցակներից դուրս բերեն բոլոր այն մարդկանց անունները, ովքեր թերի են պատվաստվել կամ ժամանակին հրաժարվել են պատվաստվել»,-ասաց Սահակյանը:

Սահակյանը նշեց, որ թեև պլանային պատվաստումներով կա երկու տարիքային խումբ՝ 1 և 6 տարեկանները, այնուամենայնիվ, հնարավորություն են տվել, որ ավելի մեծ տարիքի մարդիկ, եթե չունեն պատվաստումներ, դիմեն ու ստանան այն: Բոլոր այն անձինք, ովքեր իրենց պատվաստումային կարգավիճակի մասին չեն հիշում, ևս կարող են դիմել տեղամասային բժիշկներին ու ստանալ պատվաստում: Բժիշկներին ցուցում է տրված, որ ցուցակից դուրս բերեն չպատվաստված մարդկանց անուններն ու հրավիրեն պատվաստվելու:

Իսկ սահմանային անցակետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն նախարարությունը չունի:

Այս խորագրի վերջին նյութերը