Լրահոս

17.03.2010 12:39


Արամ Կարապետյան. «Կոալիցիան արդեն շատ վաղուց կոալիցիա չէ»

Արամ Կարապետյան. «Կոալիցիան արդեն շատ վաղուց կոալիցիա չէ»

«7օր»-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն, անդրադառնալով վերջին օրերին ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ մեղադրանքներին, նշել է, թե Հայաստանում բոլոր նախադրյալներն առկա են արտահերթ գործընթացներ տեղի ունենալու համար:

-Այսինքն՝ կոալիցիան արդեն շատ վաղուց կոալիցիա չէ, ճիշտն ասած Հայաստանին նման կառավարումը պետք էլ չէ, ու այդ փոխհակասությունը, որ իրար մեջ կա, ինչ-որ տեղ ձևական բնույթ է կրում, կարծեք փոխպայմանավորված բան կա այդտեղ: Միանշանակ հասկանալի է, որ ներկա տեսքով Հայաստանի կառավարումը չի ստացվում: Այսպես Հայաստանը «երկար չի քաշի»: Իսկ դա ոչ ընդդիմության խնդիրն է, ոչ ԲՀԿ-ի, ոչ ՀՀԿ-ի: Դա իրավիճակից է: Հիմա թելադրողն իրավիճակն է, իրավիճակն է թելադրում այդ հակասությունները, որ գոյություն ունեն:

Արամ Կարապետյանն ասել է, թե կառավարությունը հարկերի հավաքման իր մեխանիզմը քաղաքականացված օլիգարխների նկատմամբ չի կարողանում կիրառի.

-Այնպես որ, այդ հակասությունը հանգամանքների բերումով  իր մեջ ունի շատ կայուն բնույթ: Կառավարությունն այսօր դարձել է օլիգարխների հետ աշխատող մասնագետների խումբ:

Հարցին, թե հնարավոր է, որ այս խմորը շատ ջուր վերցնի, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը պատասխանել է.

-Հայաստանում մի քիչ այլ է. ամբողջ աշխարհում այդ խմորը ոչ թե ջուր կվերցներ, այլ այդ հակասությունները վաղուց սկսած կլինեին: Քանի որ Հայաստանում ամեն ինչ մի օրում կարող է վերջանալ, այսինքն Սերժ Սարգսյանը կարող է կանչի և երկուսին էլ ասի՝ լռեք: Հայաստանում քաղաքական գործընթացները չեն աշխատում:

Այդուհանդերձ, Ա. Կարապետյանը համոզված է, որ իրավիճակը թելադրելու է շատ լուրջ փոփոխություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը