Տնտեսական

30.01.2019 12:50


Գազի սակագնի վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները դեռ ընթացքի մեջ են

Գազի սակագնի վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները դեռ ընթացքի մեջ են

Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: «Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բանակցություններն ընթացքի մեջ են, և այս պահին որևէ նոր բան չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսել ենք»,-ասաց Ավինյանը:

Հարցին՝ թե «Գազպրոմ Արմենիան» ինչի հաշվին է կատարելու ֆինանսավորումը, որ Հայաստանում սպառողի համար գազի սակագինը չթանկանա, Ավինյանը նշեց, որ տարբեր բաղադրիչներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման:

«Եվ այդ կոմպոնենտների ու օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին, ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,-նշեց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ բանակցություններն ընթացի մեջ են, և երբ տեղեկություն լինի, հանրությանը կտեղեկացնենք:

«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը