Քաղաքական

30.01.2019 18:32


Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարության վերածելը (տեսանյութ)

Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարության վերածելը (տեսանյութ)

Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն: Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ներկայիս կարգավորման արդյունքում ոստիկանության, իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, որ դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: «Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ: Ոստիկանությունը և կառավարությանն առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»,-նշեց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան ու անձամբ մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին։ Վարչապետը շեշտեց, որ նախկինում խորհրդարանում ինքն այդ հարցը ևս բազմիցս բարձրացրել էր:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որևէ նախարարությունը վարչապետին պակաս ենթակա չէ, քան ԱԱԾ-ի կամ Ոստիկանության պետը. բոլոր երկրներում է այդպես:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնահարցին անդրադարձ չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բացառված է լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղեկացված չլինի: Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսել են Հայաստանի մասին:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ: Նա նշել էր, որ քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցադրմանը, որ վերջերս սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, ՀՀ վարչապետը պատասխանեց.

«Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Փաշինյանը նկատեց, որ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել:

«Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»,-վստահեցրեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից բանակցությունները վերսկսելու ու նոր թափ հաղորդելու նախաձեռնություն կա՝ Փաշինյանն ասաց. «Այս հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում»:

Այս խորագրի վերջին նյութերը